կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 14:24
Քաղաքական

Հաստատվեց. Սամվել Բալասանյանը սատարելու է Սերժ Սարգսյանին

Հաստատվեց. Սամվել Բալասանյանը սատարելու է Սերժ Սարգսյանին

Yerkir.am-ի հետ զրույցում Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը հաստատեց, որ այսօր Գյումրիում Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին:

 

Նշենք, որ խոսակցությունները, թե Բալասանյանը սատարելու է Սերժ Սարգսյանին, կային դեռ այն ժամանակվանից, երբ Գյումրու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հայտարարեց Բալասանյանին սատարելու մասին:

 

Մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանին սատարելու հարցը Բալասանյանը քննարկե՞լ է ԲՀԿ նախագահի հետ, եւ արդյո՞ք ԲՀԿ-ն տեղյակ է եղել Բալասանյանի նման որոշումից, Զոհրապ Եգանյանը հայտարարեց, որ դեռ նոյեմբեր ամսին, երբ Գագիկ Ծառուկյանն անցելել էր Գյումրի, Բալասանյանից պահանջել է, որ իր լիազորությունների կատարման ընթացքում առաջնորդվի բացառապես Գյումրու շահերով, եւ որ ստորադասվեն մնացած շահերը, այդ թվում` կուսակցական:

 

«Այնպես որ` որեւէ հակասություն փնտրել այստեղ պետք չէ»,- հայտարարեց Բալասանյանի մամուլի քարտուղարը եւ ընդգծեց, որ մոտ օրերս Բալասանյանը հայտարարությամբ հանդես կգա, որով էլ կպարզաբանի իր որոշման շարժառիթները: