Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է բարեկամ եւ բարիդրացիական Հայաստան, եւ ես ուզում եմ ասել, որ հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շատ ջերմ մթնոլորտում անցավ»,- այսօր կառավարությունում Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա շնորհակալություն հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ երկու վարչապետների զրույցն անցավ այնպես, ասես` իրենք մանկությունից են իրար ճանաչել: Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ իրենք զրուցել են երկու կողմերին հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ եւ ընդունել մի շարք շատ հետաքրքիր որոշումներ, թեեւ մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն:
«Բայց ես համոզված եմ, որ մենք կկարողանանք կոմպրոմիսներ գտնել այդ հարցերի շուրջ եւս: Օդանավակայանում զրուցելու ժամանակ պարոն վարչապետն ասաց, որ մենք պետք է տնտեսական ընդհանուր շուկա ստեղծենք, որն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, եւ ես համոզված եմ, որ ընդհանուր շուկա ստեղծելը շատ կարեւոր կլինի մեր երկու երկրների եւ տնտեսությունների համար»,- ասաց Իվանիշվիլին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք արձանագրեցին, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որեւիցե հարց, որ հնարավոր չէ համատեղ քննարկումներով լուծել: «Եվ մենք արձանագրեցինք, որ կա մեծ պոտենցիալ` երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու համար: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձեւավորելու ենք աշխատանքնային խմբեր եւ կազմակերպելու ենք հաջորդ հանդիպումը` միջկառավարական հանձնաժողովի: Բոլոր ոլորտներում կլինեն բավականին հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ արդեն այսօր ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնք վերաբերում են մշակույթի ոլորտին ու մաքսակետերի գործունեությունը ավելի համահունչ դարձնելուն: Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում կլինեն նաեւ նոր պայմանագրեր, որոնք կխթանեն հայ-վրացական համատեղ ծրագրերը: