կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 17:06
Արցախ

ԼՂՀ-ն սպասում է Նորվեգիայի հերքմանը

ԼՂՀ-ն սպասում է Նորվեգիայի հերքմանը

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել են այդ երկրի եւ Նորվեգիայի արտգործնախարարները: Բնականաբար, Ադրբեջանի նախարարը խոսել է Ղարաբաղյան հակամարտությունից, ապա սահուն անցում կատարել Ղարաբաղում սիրիահայերի բնակեցմանը, Ստեփանակերտի օդանավակայանին ու հայտարարել, թե երկուսն էլ իրեն մտահոգում են, եւ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է:

 

«Օդանավակայանն ինքնին խնդիրներ չի ստեղծում, այն կարող է օգտագործվել մարդասիրական նպատակներով, սակայն այս ամենը պետք է կարգավորվի խաղաղության մեծ փաստաթղթի շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Նա նաեւ ասել է, թե հայկական կողմը կոտնահարի միջազգային իրավունքի նորմերը, եթե գործարկի Ստեփանակերտի օդանավակայանը առանց Լեռնային Ղարաբաղից եւ շրջակա տարածքներից զորքերը դուրս բերելու։

 

Այն, որ Ադրբեջանի արտգործնախարարը նման դիրքորոշմամբ է հանդես գալիս, մեզ համար նորություն չէ. գրեթե ամեն օր նրանք այդ հայտարարություններն անում են, միայն թե տարբեր զրուցակիցների շրջանակներում: Ուշագրավն այստեղ նորվեգացի պաշտոնյայի արձագանքն է: Ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանցի արտգործնախարարի այս դիրքորոշումը պաշտպանել է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարդ Էյդը։ «Մենք համաձայն չենք այս հարցում Հայաստանի դիրքորոշման հետ: Թռիչքները «գրավյալ տարածքների» վրայով անհնար են: Այս հարցը պետք է քննարկվի Մինսկի խմբում, եւ կողմերը չպետք է դիմեն «սադրիչ գործողությունների»,- ըստ «Ինտերֆաքս - Ադրբեջան»-ի՝ հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարարը:

 

Ճի՞շտ է գրում ադրբեջանական մամուլը, թե՞ այս անգամ էլ աղավաղել է Նորվեգիայի արտգործնախարարի ասածը, հայտնի չէ: Ամեն դեպքում, նա դեռ չի հերքել: Նորվեգացի պաշտոնյայի տարօրինակ վարքագիծը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Նախեւառաջ, քանի որ այս տեղեկությունը սփռվել է Ադրբեջանի կողմից, հնարավոր է, որ նրանք աղավաղել են. չի բացառվում, որ կլինի համապատասխան հայտարարություն: Նորվեգիան հայտնի է իր մարդասիրական ավանդույթներով, եւ չպետք է մոռանալ Նորվեգիայի ներդրումը միջազգային հումանիտար իրավունքի զարգացման գործում. հսկայական առաքելութուն ունի, մեծ ուսումնական ժառանգություն է թողել, եւ ուրեմն, չի կարող նման հայտարարություն անել»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդանավակայանը ոչ մի կապ չունի ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների հետ:

 

Ադրբեջանը, ըստ նրա, շահարկում է նաեւ փախստականների խնդիը, կապում դա զանազան անտրամաբանական գործընթացների հետ, ինչը ոչ միայն հակասում է հումանիտար իրավունքին, այլեւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: «Ադրբեջանն այս իրավիճակում փորձել է իր դիրոքորոշումն արդարացնելու համար օգտագործել այլ պետությունների ներկայացուցիչների խոսքը: Սակայն խիստ կասկածում եմ, որ Նորվեգիան նման միակողմանի հայտարարություն աներ, մանավանդ որ` նա ո'չ հնարավորություն ունի, ո'չ շահեր՝ ազդելու այս խնդրի վրա,- ասաց Դավիթ Բաբայանն ու եզրակացրեց:- Կա'մ ԱԳՆ-ն խախտել է իր լիազորությունները, կա'մ թյուրիմացություն է: Մենք իմունային համակարգ ունենք Ադրբեջանի կողմից նման ճնշումների հարցում»: