կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 12:11
Քաղաքական

Նախագահի թեկնածուն միասնական ինքնաբացարկի կոչ է անում

Նախագահի թեկնածուն միասնական ինքնաբացարկի կոչ է անում

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.

 

«ՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին.

 

Հարգարժա՛ն պարոնայք

 

Հանրությունը, որի իրավունքները երաշխավորված չեն, իսկ պետական իշխանությունը ամբողջությամբ գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության զրկված է իր Սահմանադրությունից։

 

Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում է հանրության շահերը պաշտպանելու պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք` ձեւավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը։ Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից եւ միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։


Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաեւ հավատում եմ, որ Նախագահի մյուս թեկնածուները եւս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից։

 

Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչեւ ս․ թ․ հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության։

 

Հարգանքներով՝
Անդրիաս Ղուկասյան
Ք․ Երեւան, 11 հունվարի, 2013թ.