Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն հայտնի է, կառավարությունն այսօր իր հերթական նիստին մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԱԺ ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:
«Ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է մի պարզ պատճառով, որ իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն իրենց վերաարտադրման կարեւորագույն երաշխիքներից մեկն է եւ բնականաբար չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,-Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս որոշմանը` հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով Կառավարության բերված փաստարկներին, Ռուստամյանը նկատեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն Հայաստանի հետ: Ռուստամյանը ընդգծեց, որ իրենք չեն ասում, որ մեծամասնական ընտրակարգը վատն է, երկու ընտրակարգն էլ լավ են, բայց լավ են բոլոր այն երկրներում, որտեղ կա ձեւավորված ժողովրդավարական ընտրական համակարգ, որի միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի իշխանություն փոխել:
«ՀՀ-ում մինչեւ օրես չի հաջողվել ընտրությունների միջոցով իշխանություն փոխել»,-հայտարարեց Ռուստամյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեծամասնական ընտրակարգով երբեւիցէ ընդդիմադիր թեկնածուն չի հաղթում: «Մեծամասնական ընտրակարգը իշխանության առավելությունն է, պատկերացրեք այսպես, պետք է վազենք 131 մետր, իրենք ասում են մենք 41 մետր առաջ անցնենք եւ սկսենք»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց նաեւ, որ իրականում իշխող ՀՀԿ-ն դեմ չէ, պարզապես մի շարք պատճառաբանություններ են բերում, մասնավորապես ասում են, թե իբր ժամանակն ու պատեհ պահը չէ: