Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ամբիոնից ներկայացրեց կառավարության ծրագիրը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին և ելույթներ են ունենում ծրագրի վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթում հիշեցրեց, որ նախորդ բոլոր կառավարությունների ղեկավարներն էլ խոսել են կախարդական փայտիկի բացակայության մասին, սակայն բոլորովին պարտադիր չէ ունենալ կախարդական փայտիկ՝ առկա վիճակը շտկելու համար:
«Բազմաթիվ անգամներ ասվել է, թե ինչ պետք է անել, որ թույլ չտրվի բյուջեագողություն: Ես չեմ կարծում, որ պետք է կախարդական փայտիկ լինի, որ հայտնաբերվի, թե ովքեր են Հայաստանում մոնոպոլիստները, մի մասն այսօր այստեղ է նստած, մի մասը այստեղից դուրս է»,- ասաց Զոհրաբյանը՝ մատնացույց անելով դահլիճում ներկա պատգամավորներից ոմանց:
«Բարդ է դրանց դեմ պայքարելը, բարդ, որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրությանը: Հիմա Դուք կունենա՞ք այդքան վճռականություն` կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Եթե կունենաք, ինչպես ասում են՝ no comment: Բայց ես առանձնապես լավատես չեմ, որովհետև ես իրատես մարդ եմ: Չգիտեմ, կկարողանա՞ք կպնել մոնոպոլիստներին, ովքեր հոկտեմբերի 2-ին գռանդիոզ ընտրակեղծիքներով ապահովել են իշխանության վերարտադրությունը: Ես չգիտեմ՝ ինչ կլինի Ձեր անվտանգության հետ, բայց եթե պատրաստ եք գնալ դրան և կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, մենք պատրաստ ենք լինել Ձեր դաշնակիցը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ չի կասկածում վարչապետի բարի ցանկություններին: «Ես ուզում եմ հասկանալ՝ Ձեզ թույլատրվա՞ծ է կտրել այն ճյուղը, որի վրա բազմել է իշխանությունը»,- հետաքրքրվեց Զոհրաբյանը: