Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ կառավարության 2008-2011թթ. գործունեության արդյունքներ» տեղեկագրի ներածականում վարչապետ Տիգրան Սարգսյանը գրում է. «Վերջին երեք տարիներին կառավարությունն էական բարեփոխում է իրականացրել պետական կառավարման համակարգում: Դա հանգեցրել է պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»:
Թե որքանով է շարքային քաղաքացին զգում պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի փոփոխությունը, հայտնի չէ, բայց որ պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ, կարող է վկայել յուրաքանչյուր լրագրող, որը մասնագիտության բերումով, ավելի շատ է շփվում համապատասխան մարմինների հետ:
Ահավասիկ, սույն նյութի պատրաստման նպատակով ֆինանսների նախարարությունից փորձեցինք ճշտել պետական անվտանգության խնդիր չշոշափող մի հարց. արդյո՞ք 2011թ. կրճատվեցին պետական համակարգի այն 440 հաստիքները, որոնց մասին դեռևս 2010թ. հոկտեմբերի 10-ին հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Մեր տեղեկություններով՝ պետական համակարգում կրճատումներ, իրոք, եղել են: Այս տարվա համար նախանշվել էր նաև հաստիքների ընդհանուր թիվը` 16660: Չկարողացանք ճշտել նաև, թե ովքեր են պետական համակարգի այն 100 հազար աշխատողները, որոնք, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կարող են օգտվել 2012թ. բյուջեով նախատեսված սոցիալական փաթեթից: 100 հազարը միայն պետական ու քաղաքացիական ծառայողներ չեն՝ հայտնի է, որ վերջիններիս թիվը չի անցնում 8000-ը:
Դառնալով պետական համակարգին ուղղված պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործված լինելուն, նկատենք, որ պետական համակարգի ներկայիս ուռճացվածությունն արդեն իսկ միջոցների ոչ արդյունավետ օգտագործման խոսուն փաստ է: Այսպես, «ՀՀ 2012թ. պետբյուջեի մասին» օրենքով նախատեսվում է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններին հատկացնել 57 մլրդ 913 մլն. դրամ` 3 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Մինչդեռ, ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, ընդհանուր հատկացումների 76 տոկոսը կազմում են միայն աշխատավարձերը:
Հիմա պատկերացրեք, թե հասարակության վրա որքան թանկ են «նստում» նրան «ծառայություն մատուցողները»: Իրականում պետական համակարգի «բեռնաթափման» խնդիրը 400 կամ 500 հաստիքների կրճատումով չլուծվեց: Առավել ևս, որ եկող տարի պետական կառավարման համակարգում նախատեսվում է հաստիքացուցակը ավելացնել 166 տեղով: Նախատեսվում է ստեղծել ինչ-որ գործակալություններ, ինչպես նաև` նախագահի աշխատակազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ստացվում է` մի ձեռքով կրճատում են, մյուս ձեռքով` ավելացնում: Իշխանությունները ևս գիտակցում են պետական համակարգում մեծ տոկոս կազմող «բալաստի» վերացման անհրաժեշտությունը: Իսկ թե ինչու արմատական փոփոխությունների չեն գնում` բավարարվելով կիսատ-պռատ «միջոցառումներով», որի արդյունքում ղեկավարներին անցանկալի մի քանի աշխատակիցներ «կառուցվածքային բարեփոխումներ» անվան տակ փոխարինվում են ուրիշներով, ևս հասկանալի է:
Հայաստանում գործազրկության ներկայիս պայմաններում գնալ պետական համակարգում արմատական փոփոխությունների ռիսկին, նշանակում է՝ բարձրացնել սոցիալական բողոքի մի նոր ալիք և հազարներով համալրել ընդդիմության շարքերը: Փաստորեն, չկարողանալով առաջ մղել երկրի տնտեությունը, չկարողանալով իր երկրի քաղաքացիների համար ապահովել աշխատանք ու արժանավայել կյանք, պետությունը սեփական անկարողությունը փորձում է «կոմպենսացնել» այս կերպ` մի քանի տասնյակ հազար մարդու համար վերածվելով աշխատանքի տեղավորման գործակալության: Սակայն այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Պետական համակարգից ամեն տարի հեռանում են հազարավոր արհեստավարժներ` ասպարեզը թողնելով «ստաժորներին», որոնք, իրենց հերթին, համակարգի հերն անիծելով` հեռանում են: Փաստորեն, այս տարի ևս պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, մինչդեռ համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը, ԱՎԾ տվյալներով, 93 հազար դրամ է:
Նկատենք, որ սպառողական նվազագույն զամբյուղն իր հերթին գնահատված է 63 հազար դրամ: Այս պարագայում խոսել պետական համակարգի կողմից մատուցվող ծառայությունների որակի կամ համակարգի գործունեության արդյունավետության մասին, մեղմ ասած, իրատեսական չէ: Մինչդեռ Վրաստանում իշխանություններին բավականացրեց քաղաքական կամքն ու նախաձեռնողականությունը՝ ստեղծելու որակապես նոր, արդյունավետ և դինամիկ պետական համակարգ, որի պտուղները շատ արագ հասարակությունը քաղեց: Պետական համակարգում «բալաստի» կրճատում և աշխատավարձերի շեշտակի բարձրացում, դրանով իսկ` լավագույն մասնագետների ներգրավում. ահա թե նաև ինչի հաշվին հաջողվեց երկրում նվազեցնել կոռուպցիան և կաշառակերությունը:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ