Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ամենահայտնի դերասաններից Քադիր Ինանըրը, ով ներկա է եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից կազմակերպված «Իմաստունների խորհրդի» հետ հանդիպմանը, հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով:
Ըստ Habeler-ի՝ հայտնի դերասանը պնդել է, որ Թուրքիայում Քոբանիի հարցով փորձում են սադրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, իսկ ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, Ինանըրն ասել է. «Նա Թուրքիային հույս ներշնչող միակ քաղաքական գործիչն է»:
«Այդ կուսակցությունն ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրեց: Այսօր, երբ 50 տարվա կուսակցությունն անգամ սխալվում է, չի կարելի այսքան հարձակվել այս կուսակցության վրա: Սելահաթթին Դեմիրթաշի նման քաղաքական գործիչ հեշտ չի դաստիարակվում»,- ասել է հայտնի դերասանը և հավելել, որ թեեւ այդ կուսակցության անդամը չէ, սակայն նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է Սելահաթթին Դեմիրթաշի օգտին:
Անդրադառնալով նաև Քոբանիի հարձակումների դեմ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ցույցերին, որոնց արդյունքում «հասարակության մեջ բևեռացումներ են առաջացել», Ինանըրն ասել է. «Այդ հարձակումները ժողովուրդը չի կատարել, այլ ժողովրդին ղեկավարողները՝ այդ ազգայնականներն ու ազգայնամոլները: Ես մինչ օրս չեմ լսել, որ քուրդը ցանկանում է Թուրքիայից հեռանալ: Միայն Ստամբուլում 3 միլիոն քուրդ է ապրում: Նրանցից ոչ մեկ, ծովը թողնելով, սարեր չի գնա: Այդ մարդիկ ունեն մեկ ցանկություն՝ այս երկրի ժողովրդին` հավասար իրավունքներ: Իսկ մեզ մոտ նրանք, ովքեր վիճակով լավ են, այդ հավասարությունը չեն ցանկանում: Ահա սա է խնդիրը»: