կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 14:08
Քաղաքական

Կարող է` տեմպերը չէին բավարարում. Այվազյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

Կարող է` տեմպերը չէին բավարարում. Այվազյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել ցանկացած քաղաքացի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանալվելուն:

Հարցին, թե արդյո՞ք ներսում բավարար ներուժ ու հարմար կադրեր չկային, որ Կարեն Կարապետյանին դրսից բերեցին, նշանակեցին վարչապետ, Այվազյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել ցանկացած քաղաքացի՝ օրենսդրութամբ, և տվյալ քաղաքացին կարող է ունենալ քաղաքական աջակցություն: Ի վերջո, քաղաքական մեծամասնության շրջանակներում է ձևավորվում քաղաքական և տնտեսական քաղաքականությունը, իսկ իրականացման հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, կարծում եմ»:

Ի դեպ, պատգամավորն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չէր նշանակում, որ նա «ձեռք չէր տալիս»: «Ես չեմ ասում, որ նախորդը ձեռք չէր տալիս, ես համամիտ չեմ այդ կարծիքին` ընդհանրապես, և ես աշխատել եմ ինքս էլ ու գիտեմ, որ ինչպես է եղել, պարզապես կարող է տեմպերի առումով փոփոխությունների անհրաժեշտություն կար»,- հավելեց նա:

Այվազյանի խոսքով՝ հրաժարականի պատճառները կարող են բազմաթիվ լինել: «Եթե դուք պատճառ եք ման գալիս, կարող եք հազար ու մեկ պատճառ գտնել. կարող է` տեմպերը չէին բավարարում, հնարավոր է, ենթադրենք, ապրիլյան կամ հուլիսյան գործընթացներից հետո փոփոխության խնդիր է դրվել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ չի ձախողել կառավարությունը»,- ասաց նա: