կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 16:23
Քաղաքական

ՀՅԴ-ն 99 տոկոսով բացառում է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը

ՀՅԴ-ն 99 տոկոսով բացառում է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը

Կոալիցիային մաս կազմելը ՀՅԴ-ին չի կաշկանդել պահպանել ինքնուրույնությունը եւ, որպես որոշակի արժեքներ դավանող կուսակցություն, շատ հաճախ նաեւ քննադատել իշխանություններին. նախընտրական դաշինքների  մասին քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:

 

Խմբակցության քարտուղարը նաեւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների առումով առկա տարակարծությունները դարձան անլուծելի, և  համաձայնության գալն անհնարին էր:

 

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` Ա. Շահբազյանը նշեց, որ հիմա իշխանությունը գերկենտրոնացված է եւ հանրապետականացված: «Եթե այսպես շարունակվի, Հայաստանին սպասվում է տխուր ապագա, քանի որ ընտրություններից հետո մենք կունենանք այն, ինչ ունենք, գուցե ավելի վատը»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը:

 

Նա կանխատեսում է, որ հաջորդ խորհրդարան ընդդիմադիր ուժերը կգնան առանձին-առանձին, եւ խորհրդարանում կհայտնվեն ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, իսկ իշխանական կոալիցիան կգնա միասնաբար:

 

Դաշնակցական պատգամավորը ՀԱԿ-ի հետ համագործակցությունը 99 տոկոսով բացառում է: «Ես կարծում եմ, որ  երկրի համար օգտակար, արդյունավետ կլիներ, եւ գուցե քաղաքական պահանջարկ էլ կա մեկ կենտրոնական դաշինքի ձևավորման: Պայմանական դա կարող է կոչվել, ասենք, Սոցիալ-հայրենասիրական դաշինք, որը մտահոգված կլինի երկրի  խնդիրներով»,- ասաց Ա. Շահբազյանը` նշելով, որ այս դեպքում խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենային նաեւ այն ուժերը, որոնք այսօր դուրս են մնացել քաղաքական դաշտից: