կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 10:41
Առանց Կատեգորիա

Իրանի խորհրդարանը Ահմադինեժադին կանչելու է հարցաքննության

Իրանի խորհրդարանը Ահմադինեժադին կանչելու է հարցաքննության

Իրանի խորհրդարանը մտադիր է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննության կանչել էկոնոմիկայի նախարարի հետ կապված սկանդալի, նաեւ իրականացվող արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ:

 

290 խորհրդարանականներից 73-ն արդեն ստորագրել են այդ հարցով խնդրագիրը, որը երեկ փոխանցվել է Մեջլիսի փոխխոսնակ Մոհամմադռեզա Բահոնարին. տեղեկացնում է Mehr News-ը:

 

Իրանի Սահմանադրության համաձայն` երկրի նախագահին խորհրդարան հարցաքննության կանչելու համար անհրաժեշտ է խորհրդարանականների մեկ քառորդի ստորագրությունը: Մեջլիսը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` էկոնոմիկայի նախարար Սամսոդդին Հոսեյնին, որը Ահմադինեժադի շրջապատից է, մեղադրում է բանկային համակարգում խոշոր խարդախությունների (226 մլրդ դոլարի) մասնակից լինելու մեջ:

 

Խորհրդարանը, նաեւ պահպանողական ուժերը, այդ թվում` երկրի հոգեւորականությունը, բազմիցս հասկացրել են, որ դժգոհ են Ահմադինեժադի որոշումներից եւ գործելաոճից: Նման իրավիճակ էր այս տարվա մայիսին, երբ 90 օրենսդիրներ խնդրագրով որոշել էին խորհրդարան կանչել Ահմադինեժադին եւ նրանից բացատրություններ պահանջել երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես` հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ տարաձայնությունների վերաբերյալ: Սակայն երկրի նախագահն այդպես էլ չկանչվեց խորհրդարան, քանի որ վերջին պահին օրենսդիրներից մի քանիսը հետ կանչեցին իրենց ստորագրությունները: