Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը հինգշաբթի օրը հաստատեց այն որոշումը, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացվելու է մեկական միլիոն դրամ: Սակայն գումարը հասցեատերերին դեռ չի հասել:
Աղետի զոհ դարձած Արմեն եւ Մեխակ Սորսումատյանների ընտանիքի անդամները «Երկիր»-ի հետ զրույցում նշեցին, որ դեռեւս միայն լսել են հատկացվելիք գումարի մասին:
Արմենի կինը` Նաիրան, պատմեց, թե ցավակցելու հետ մեկտեղ ծանոթ-բարեկամներն այդ գումարի մասին էլ են տեղյակ պահում, կարծես «աչքալուսանք» լինի: Այնինչ` ընտանիքի անդամները ցավում են, որ կորցրել են ընտանիքը կերակրող տղամարդկանց: Տան միակ աշխատողը նրանք են եղել:
Մեխակ Սորսումատյանի յոթ երեխաներն ու կինը ներկայումս ապրում են 22 քմ տարածք ունեցող տան առաջին հարկում: Բազմիցս դիմել են համայնքի վարչական շրջանին եւ քաղաքապետարանին` բնակարանը բարելավելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել:
Տան երկրորդ հարկում Արմենի ընտանիքն է ապրում` հայրը, երեք երեխան եւ կինը: Նաիրան պատմում է, որ սկեսրայրի կենսաթոշակը 1500 դրամ բարձրացնելուց հետո կտրել են «Փարոսից» ստացվող նպաստը:
Ընտանիքի հոգսերը շատ են, եւ կառավարության տրամադրած, բայց դեռեւս չստացված մեկ միլիոնն էլ միայն մի ցավի աչքը կհաներ: Մանրամասները` շուտով: