կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 19:14
Քաղաքական

ՀԱԿ-ի քաղաքացիական ֆորումը` Վրաստանի գլոբուս

ՀԱԿ-ի քաղաքացիական ֆորումը` Վրաստանի գլոբուս

Ազատության հրապարակում երկրորդ անգամ անցկացվող ֆորումի այս անգամվա մասնակիցները ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը եւ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն էին: Ֆորումի հենց սկզբում նախկին ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը նախօրոք նշեց, որ բանավիճելու ցանկություն ամենեւին էլ չունի եւ եկել է քննարկման:

 

Եվ եթե ֆորումը Արզումանյանի համար «իշխանություններին վերահսկելու մեխանիզմ է», ապա Փաշինյանի համար կարեւոր էր այն տեսանկյունից, որ տեղի էր ունենում հենց Ազատության հրապարակում:

 

«ՀԱԿ-ի քաղաքացիական ֆորում ձեւակերպումը նույն է, ինչ ասես Վրաստանի գլոբուս»,- նշեց Արզումանյանը եւ հավելեց, որ քաղաքացիական ֆորումի նպատակը պետք է լինի իրարամերժ տեսակետներ ունեցող մարդկանց քննարկման հրավիրելը, իսկ ֆորումի սկիզբն, ըստ նրա, ճիշտ է դրված: Չնայած Արզումանյանը նշեց, թե ֆորումի սկիզբը ճիշտ է դրված, բայց քիչ անց ներկաներին խորհուրդ տվեց այն միտինգի չվերածել:

 

Անդրադառնալով Արզումանյանի այն դիտարկմանը, թե ֆորումը իշխանությանը վերահսկելու մեխանիզմ է, Փաշինյանը նշեց, որ դրա մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ իշխանությունն օրինական է: «Պետք է խոսենք ոչ թե իշխանությունը վերահսկելու, այլ հեռացնելու մասին»,- նշեց Փաշինայանը եւ վստահեցրեց, որ այսօր հարցերը կարող են լուծվել միայն Ազատության հրապարակում: