կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 16:15
Քաղաքական

Հանրապետականներն "անհասանելի" են

Հանրապետականներն "անհասանելի" են

Վերջին օրերին մամուլի տարբեր միջոցներով շրջանառվող տարբեր տեղեկությունները եւ վարկածները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մեկնաբանում. yerkir.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ԲՀԿ-ն կմեկնաբանի միայն պաշտոնական հայտարարությունները` արված նման հայտարարություն անելու իրավասություն ունեցող անձանց կողմից:

 

Նշենք, որ վերջին օրերին հայաստանյան մամուլը հեղեղված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` կոալիցիայի կազմից դուրս գալու մասին լուրերով, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիոն նոր հուշագիր ներկայացնելու առաջարկության մասին ենթադրություններով ու կանխատեսումներով, ինչի մասին, սակայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լռում է:

 

Կարծիք կա նույնիսկ, որ նոր հուշագրի մասին կհայտարարվի արդեն այս հինգշաբթի` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

 

Մեր բոլոր ջանքերը` կապ հաստատել ՀՀԿ վերնախավի հետ եւ հավաստիանալ լուրերի իսկության մեջ, ապարդյուն անցան. հանրապետականներն «անհասանելի» էին:

 

Հետաքրքիր է, որ նման իրավիճակ վերջին անգամ ստեղծվել էր փետրվարին` կրկին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից առաջ, երբ բազում հարցականներ կային, բայց կոալիցիան մամուլի համար «անհասանելի» էր: Եվ միայն հուշագրի «բարեհաջող» ստորագրումից հետո, երբ կոալիցիոն ուժերը վերահաստատեցին իրենց միասնականությունը, ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն սկսեցին ակտիվորեն հարցազրույցներ տալ ու գովերգել նոր հուշագիրը: