կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 14:09
Քաղաքական

Իջևանի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել և դարձել անհասանելի

Իջևանի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել և դարձել անհասանելի

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հեռախոսն անջատել ու ոչ մեկի զանգին չի պատասխանում: Yerkir.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին Իջևանի քաղաքապետարանից:

Տեղեկացրին նաև, որ դիմումի մեջ հրաժարականի պատճառը նշված չէ, բայց կասկածներ կան, որ դա կապված է նրան պատկանող ձեռնարկություններում վերջին շրջանում ակտիվացած ստուգումների հետ:

Վարդան Ղալումյանը Իջևան համայնքի ղեկավար է ընտրվել 2011 թ.-ին և վերընտրվել 2015–ին: 

Մինչդեռ օգոստոսի վերջին նրան մեղադրանք է առաջադրվել Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առիթով։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակել է ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն։ Նրան թույլատրել է 2017–ի հոկտեմբերի 1-ից մինչև 2018–ի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017–ին տեղափոխվել է Երևան:

Արդյունքում՝ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով և աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջևանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը:

Բացի այդ՝ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցին աշխատանքից ազատելու, ինչպես նաև  իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016-2018թթ. աշխատանքի չներկայանալու և պարտականությունները  չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել և լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով աշխատավարձի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով` յուրացնելը կամ վատնելը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: