կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 15:26
Քաղաքական

Հրաժարական-մրաժարական չի լինելու. Ռաֆիկ Պետրոսյան

Հրաժարական-մրաժարական չի լինելու. Ռաֆիկ Պետրոսյան

Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջն գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականով փոխարինելու ՀԱԿ-ի անսպասելի քայլը Կոնգրեսի անդամ Ֆելիքս Խաչատրյանը բացատրում է ստեղծված իրավիճակի փոփոխությամբ: «Փոխվել է սիտուացիան, փոխվել է նաեւ օրակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց նա, եթե, իհարկե, դա կարելի է պարզաբանում համարել:

 

«Ինչպե՞ս է ՀԱԿ-ը պատկերացնում իր հետագա պայքարը» հարցին ընդդիմության ներկայացուցիչը պատասխանեց, որ համաժողովրդական ճնշման միջոցով պահանջելու են նախագահի հրաժարականը, իսկ դա կլինի ցույցերի, միտինգների, նստացույցերի, երթերի, պահանջների ձեւով, մի խոսքով` կիրառելու են պայքարի բոլոր խաղաղ ձեւերը: «Մեզ որ զենք էլ տաք, չենք վերցնի»,- վստահեցրեց նա:

 

Նախագահի հրաժարականի պահանջը ասուլիսին մասնակից հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի համար, բնականաբար, ընդունելի չէ:

 

«Դա հեքիաթ է, միֆ է. հրաժարական-մրաժարական չի լինելու: Դա բացառվում է, որովհետեւ այսօր ոչ մի հիմք չկա հրաժարական տալու»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը` հավելելով, որ բոլոր ուժերն էլ բնականոն ձեւով մտնելու են ընտրությունների փուլ եւ, իր կարծիքով, հաղթելու է իշխանությունը, «որովհետեւ կոալիցիան շատ ավելի հզոր է, քան որեւէ ՀԱԿ կամ մնացած կուսակցությունները` միասին վերցրած»:

 

«Եթե Հայաստանի բոլոր 70 կուսակցություններն էլ միանան` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի չափ հզոր չեն կարող լինել»,- վստահեցրեց նա` միաժամանակ տարակուսանք հայտնելով, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ն այսքան հաճախ փոխում օրակարգը:

 

«Դուք օրական մի ձեւով եք մտածում... Իմ խորհուրդը ձեզ կլինի այն, որ շարունակեք նախապատրաստվել ընտրությունների»,- դիմելով ՀԱԿ ներկայացուցչին` խորհուրդ տվեց հանրապետական գործիչը: