կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 10:16
Տնտեսական

Մարզ այցելելու իմաստը ո՞րն է

Մարզ այցելելու իմաստը ո՞րն է

Աշխատանքային այցով երեկ Շիրակի մարզ այցելած ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ:

 

Վերջիններս նախարարին դժգոհել են, որ այս տարի եղանակային պայմանները զգալիորեն խոչընդոտել են գյուղացիական աշխատանքների կազմակերպմանը: Նախարարն էլ ջրից չոր դուրս գալու համար հայտարարել է, որ թեեւ կարտոֆիլի բերքն առատ է, գնային լուրջ փոփոխություններ կարտոֆիլի շուկայում չեն լինելու այս տարի, այսինքն` դժգոհելու տեղ չպետք է ունենաք:

 

Սերգո Կարապետյանը չի ընդունել նաեւ գյուղացիների այն դժգոհությունները, թե տարիներ շարունակ հող են մշակում, սակայն եկամուտները շատ փոքր են, քանի որ պետական աջակցություն չկա: Նա հակադարձել է` ասելով, որ բողոքներն իրականությանը չեն համապատասխանում:

 

Yerkir.am-ն առաջարկում է Սերգո Կարապետյանին, որ հրապարակավ հանդես գա, թե անհատ գյուղացիական տնտեսություներից քանիսին է այսքան ժամանակ նախարարությունը ինչ-որ աջակցություն ցուցաբերել: Օրեր առաջ թե' Սիսիանի, թե' Բերդի  գյուղացիներն էլ մեր թղթակցին իրենց դժգոհությունն էին հայտնել պետական կառավարման համակարգից. «Երեւանում նստած` որոշում են, որ գյուղացին պետք է անպայման 4 հա հող ունենա, որ սերմացու ստանա»:

 

Բացի այդ, երբ նախարար Կարապետյանն այցելում է Շիրակի մարզ եւ հենց մարզկենտրոնում է հավաքում տեղի ֆերմերներին, ինչո՞ւ չի այցելում մարզի ամենաաղքատ համայնք եւ այնտեղ տեղեկանում, թե գյուղացիներն ինչպե՞ս են վարում իրենց տնտեսությունը, կամ ինչո՞ւ չի զրուցում Ազատանի կարտոֆիլ արտադրողներին հետ, որ տեղեկանա, թե ինչպե՞ս ավարտվեց այն պատմությունը, երբ գյուղացիները չէին կարողանում ստանալ իրենց կարտոֆիլի գումարները: