Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդհանրապես հարցաքննություն չի եղել, ինձ երբեւիցե չեն հրավիրել, եթե նույնիսկ ինձ հրավիրեին էլ, նույն օրը ես ինքս մամուլի ասուլիս կհրավիրեի ու կասեի` ինչի մասին է խոսքը»,- այսօր լրագրողների հարցին` իսկապե՞ս ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը ցուցմունք է տվել իր դեմ, այսպես արձագանքեց ՀՀ ոստիկնապետ Ալիկ Սարգսյանը:
«Եթե դու մի բանի հետ կապ չունես, քեզ չի կպնում... Դա ինձ որեւէ կերպ վնաս չի բերելու: Ես արդարանալու եմ, ես էլ եմ իրավաբան, օրենքն էլ գիտեմ, պաշտպան էլ չեմ վերցնի նման պարագայում, ես ինձ կպաշտպանեմ, որովհետեւ մաքուր եմ: Իմ խիղճը մաքուր է, տենց էլ շարունակելու եմ աշխատել, ոչ մեկից ոչ մի վախենալու բան չունեմ»,- հավելեց ոստիկանապետը:
Այնուհետեւ, դիմելով լրագրողներին, Ալիկ Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե որտեղից են նրանց նման «անհեթեթ» տեղեկությունները. «Հարգելի մամուլ, ովքե՞ր են այդ անհեթեթ տեղեկությունները ձեզ տալիս, ձեր աղբյուրները որտեղի՞ց են, ես չեմ հասկանում... Թերթում գրում եք` բազմաթիվ անգամ ցուցմունքներ է տվել, էսօր, վաղը կհրավիրեն, ես չգիտեմ` դուք դա որտեղի՞ց եք վերցնում, չեմ էլ կարողանում կռահել...»:
Այնուհետեւ, ավելացնելով, որ թերեւս կան «ինչ-որ պաշտոնյաներ` իրարից նեղացած, իրար սիրող կամ չսիրող», Ալիկ Սերգեյիչը եզրակացրեց, որ նրանք են երեւի զբաղված «այ սենց վատ գործով»:
«Մարդկանց վարկաբեկելով, մարդկանց մասին ինֆորմացիա տալով եւ թերթում մեկի մասին հերյուրանք կարդալով` ընդամենը ուզում են մարդու ձեռք բերած հեղինակությունը, իմիջը կեղտոտեն»,- ամփոփեց նա: