կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 14:00
Արցախ

Արցախցի կանայք լուծում են իրենց խնդիրները

Արցախցի կանայք լուծում են իրենց խնդիրները

Care միջազգային կազմակերպության հովանավորությամբ եւ Արցախում գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 1.5 տարի առաջ մեկնարկեց «Կանանց հնարավորությունների ամրապնդումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում» ծրագիրը։

Օրերս Շուշի քաղաքում տեղի է ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին պատմող` «Նախագծի մասնակիցների նախաձեռնությունները» ֆիլմի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է հանրապետության 4 քաղաքներում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում եւ Հադրութում: Անցկացվում են տարբեր հանդիպումներ, թրեյնինգներ, կլոր սեղաններ՝ հասարակության մեջ կանանց դերի բարձրացման եւ ամրապնդման նպատակով։

Ծրագրի մասնակից Մարթան ասում է, որ թրեյնինգներն օգնել են ավելի ինքնավստահ լինել, նպատակ դնել եւ հասնել դրա իրականացմանը։ Անահիտի կարծիքով էլ` սովորել են թիմով աշխատել եւ եկել են այն եզրակացության, որ ուժեղ են, երբ միասին են։ Իսկ Ռուզաննայի համար այդ հանդիպումներն առաջին հերթին շփումների, իրար հետ կիսվելու, միմյանց խնդիրներին ծանոթանալու եւ դրանց լուծումները գտնելու հնարավորություն են։

Ամեն դեպքում, մասնակիցների կարծիքով, Ղարաբաղում նման ծրագրերի անհրաժեշտությունը կա, քանի որ հասարակության մեջ կանանց դերն այնքան էլ բարձր չէ։ Իսկ իրենց դերի բարձրացումը, ըստ կանանց, կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։