Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, միջազգային կառույցներին ու աշխարհի պետություններին կոչ են անում չլռել Արցախի դեմ ընթացող պատերազմի և Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:
«Պատերազմից հետո մենք հիշելու ենք ոչ թե նրանց, ովքեր խոսում են, այլ հենց լռողներին ենք հիշելու: Սա թող կոչ լինի բոլոր կառույցներին ու երկրներին: Մենք հիշելու ենք լռողներին, ուստի մի լռեք»,- ասաց Սարգսյանը:
Նախաձեռնության խմբի անդամները սկսել են բողոքի ցույցերի շարք և Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպություններին ու տարբեր երկրների դեսպանություններին ներկայացնում են իրենց պահանջներն ու կոչ անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան:
«Ով, եթե ոչ մենք կարող ենք ավելի լավ ներկայացնել այն, ինչ տիրում է Արցախում, ներկայացնել մեր անձնական պատմությունները միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու դեսպանատներին: Սկսեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց իրականացնելով: Կարողացանք այնպիսի աղմուկ բարձրացնել, որ հնարավորություն ստացանք հանդիպելու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Հանդիպումը բավական խոստումնալից էր, Շարփը հայտնեց իր մտահոգվածությունը, նշեց, որ փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ: Սակայն, հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է, որ թույլտվություն լինի միջազգային կառույցի ղեկավարությունից, ինչը մինչ օրս չենք տեսնում»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Իրինա Սաֆարյանը:
Արցախցի կանայք իրենց պահանջները ներկայացրել են նաև ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված ակցիայի ընթացքում, իսկ այժմ սպասում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը:
«ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և պատասխանատվություն է կրում Արցախյան հակամարտության կարգավորման համար` իր չափաբաժնով: ԱՄՆ-ն ընտրել ենք նաև այն պատճառով, որ Թուրքիան, որն այս պատերազմում ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամին` Ադրբեջանը, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի հիմնական գործընկերներից մեկը: Նորություն չէ, որ հենց ամերիկյան զինատեսակներն են այսօր օգտագործվում Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավերում Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը: Այս ամենն իրականացվում է ԱՄՆ օրենսդրությունը խախտելով, որովհետև, ըստ այդ օրենսդրության, իրենց զինատեսակները չեն կարող առանց ԱՄՆ թույլտվության հայտնվել այլ երկրներում: Այս ամենը ներկայացրել ենք դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, հենց դեսպանատան ներկայացուցչին»,- ասաց Սիրանուշ Սարգսյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք չեն հանդուրժելու, որ պատերազմը հրահրող Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց:
«Մենք սերունդներով կոտորվում ենք, մեզ սերունդներով փորձում են վախեցնել, որպեսզի մենք լքենք մեր բնակավայրերը, մեր գյուղերը, տները, եկեղեցիները, մեր հարազատների գերեզմանները: Այդպես չի լինելու: Մենք չենք հանդուրժելու, որ կեղծ օրակարգով այսօր Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց: Մենք չենք հանդւորժելու, որ Թուրքիան մնա անպատիժ: Մենք պահանջում ենք միջազգային պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ»,- նշեց Լիանա Ադամյանը:
Արցախի կանանց նախաձեռնող խումբն իր հաջորդ բողոքի ակցիան կիրականացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց: