կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 17:18
Հասարակություն

Ո՛չ խտրականությանը

Ո՛չ խտրականությանը

Հայաստանի և Լեհաստանի` Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովը:

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ-ն:

«Մեզ համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս համաժողովի՝ Երևանում անցկացնելու խորհուրդն այն է, որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Այդ տեսակետից կրթական համակարգը հանդիսանում է մեր կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարության համար կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է:

«Դա նշանակում է, որ մենք չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի նկատմամբ, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում»,- ընդգծել է վարչապետը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներն ու ոլորտի հիմնական խնդիրները: Աշոտյանը նշել է, որ ՀՀ ում այժմ գործում է 23 պետական և միջպետական, շուրջ 40 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն: Երկու տարի առաջ մասնավոր բուհերի թիվը հասնում էր 90-ի: Պետության ձեռնարկած հետևողական քայլերի` կրթության որակի հսկողության, լիցենզավորման կարգի խստացման շնորհիվ բուհերի թիվը նվազել է: Նախարարը նշել է, որ մասնավոր բուհերը գնացել են խոշորացման ճանապարհով, ինչը բուհերի ֆինանսավորման համակարգի վրա դրական է անդրադարձել:

Անդրադառանալով բուհական կրթության ֆինանսավորման խնդիրներին` նախարարը նշել է. «Հայաստանի համար կարևորագույն խնդիր է բիզնես ոլորտը մասնակից դարձնել բարձրագույն կրթության ֆինանսավորմանը: Այսօր բուհական կրթության ֆինանսավորման շուրջ 30 տոկոսն ապահովվում է պետբյուջեից, 70 տոկոսը` ուսանողական վարձավճարներից, որոնց մեջ մասնավոր ընկերությունների ֆինանսավորման մասնաբաժինը չնչին տոկոս է կազմում»: