կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 13:25
Արցախ

Սակագների նվազեցում` 20-ամյակի կապակցությամբ

Սակագների նվազեցում` 20-ամյակի կապակցությամբ

Սեպտեմբերի 1-ից ԼՂՀ-ում ներցանցային զանգերի համար բաժանորդներն ավելի քիչ կվճարեն, քան հիմա:

Այսօր այս մասին տեղեկացվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում հավանության են արժանացել սակագների փոփոխության վերաբերյալ նախագծերը:

Փոփոխությունները, ըստ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի, բաժանորդների համար նվեր են` ԼՂՀ հռչակման 20-ամյակի կապակցությամբ: Ըստ այդ փոփոխությունների` 12.2 տոկոսով կնվազեն անշարժ համարներից դեպի բջջային համարներ, բջջային հետվճարային համարներից դեպի անշարժ եւ շարժական համարներ, Premium հեռախոսային քարտերով դեպի ԼՂՀ բջջային ցանց եւ ֆիքսված անլար միջերես համակարգով դեպի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բջջային ցանց կատարվող զանգերի րոպեավճարները՝ 33 դրամից դառնալով 28.99 դրամ: 12.5 տոկոսով կնվազի նաեւ բջջային կանխավճարային համարներից դեպի անշարժ եւ շարժական համարներ կատարվող զանգերի րոպեավճարը՝ 39.99-ից դառնալով 34.99 դրամ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից առաջարկվող փոփոխությունները միայն բջջային կապին չեն վերաբերում: Ինչպես ներկայացվեց նիստի ժամանակ, ընկերությունը դիմել է հանձնաժողովին մի շարք հրապարակային օֆերտաների հայտարարման համաձայնություն ստանալու համար: Ըստ դրանց՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ը ներառյալ անլար ֆիքսված միջերես համակարգի հեռախոսակապի համար հայտարարվում է աշնանային ակցիա, որի շրջանակներում նշված ժամանակահատվածում գրանցված նոր բաժանորդների համար միացումը կկատարվի անվճար եւ առանց դեպոզիտային գումարի: Տերմինալը կտրամադրվի անվճար, իսկ նոր միացած բաժանորդները կազատվեն աշնանային` սեպտեմբերի, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների բաժանորդավճարից:

Ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդների համար էլ մինչեւ սեպտեմբերի 10-ը երկարաձգվել է օգոստոսի 1-ից մինչեւ 31-ը գործող հրապարակային օֆերտան, որի շրջանակներում` նշված ժամանակահատվածում գրանցված DSL տեխնոլոգիայով ինտերնետի բաժանորդները հնարավորություն ունեն հետագա երեք ամիսներին անվճար օգտվելու ինտերնետ ծառայությունից, եթե մեկ տարի հանդիսանան ընկերության բաժանորդ եւ չնվազեցնեն ընտրած արագությունը: Նշված ժամանակահատվածում` մինչև 512 կբիթ/վ. արագությունն ընտրած նոր բաժանորդներին հնարավորություն կտրվի օգտվել «Wi-Fi տանը» ծառայությունից, որի համար բաժանորդը վճարում է միայն տեղադրվող սարքի արժեքը, իսկ 1Մբիթ/վ. եւ բարձր արագություն ընտրած գործող եւ նոր միացած բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու նշված ծառայությունից անվճար: