Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է օգոստոս ամսվա սպառողական գների դիտարկումը սպառողական շուկայում և հաշվարկել սպառողական գների ինդեքսը:
«Հուլիսի համեմատ` օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է գների եւ սակագների ընդհանուր նվազում` 0,6 տոկոս: Պարենային ապրանքների գները նվազել են 1,2 տոկոսով, որոշ պարենային ապրանքների գները նվազել են 0,1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները աճել են 0,1 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ բանախոսի` պարենային 13 ապրանքային խմբերից 6-ում արձանագրվել է գնանկում` 13,6-ից մինչեւ 0,6 տոկոս, իսկ 5-ում արձանագրվել է գնաճ` 0,2-ից 1,5 տոկոս, 2 ապրանքային խմբում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:
Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց որ այս տարվա 8 ամիսների կտրվածքով, 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում նույնպես արձանագրվել է գնանկում` 0,2 տոկոս: Այսպես` պարենային ապրանքների գները նվազել են 2,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 2,2 տոկոս:
Այս օգոստոսին նվազել են հացամթերքի գները` 1.5 տոկոսով, հավկիթինը`0.8 տոկոսով, իսկ առավել մեծ գնանկում է արձանագրվել գյուղատնտեսական մթերքների մասով: Այսպես` մրգի գները նվազել են 15.6 տոկոսով, իսկ բանջարեղենի ու կարտոֆիլի ընդհանուր գնանկումը կազմել է 4.9 տոկոս:
«Բայց սրան զուգահեռ որոշ գյուղմթերքների մասով գնաճ է արձանագրել»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իր ունեցած տվյալներով` ԱՊՀ երկրներում ամենացածր գնաճային ցուցանիշն արձանագրվել է հարեւան Վրաստանում. «Այս երկրում անցած յոթ ամիսներին արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում, իսկ ամենաբարձրը` 41 տոկոսի գնաճ, արձանագրվել է Բելառուսում»: