կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 11:13
Հասարակություն

Դարձյալ Սանահինի մասին

Դարձյալ Սանահինի մասին

Սանահինի վանքը հիմնադրվել է քաղկեդոնական դավանանքը մերժելու համար բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորների կողմից` 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այնտեղ, ուր, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցիներից` գրատուն-մատենադարանից, գավթից /1181 թ./, նախագավթից /1211 թ/, հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից:

Համալիրի ամենահին շինությունը` Սբ Աստվածածին եկեղեցին, կառուցված է Աբաս Ա Բագրատունի թագավորի կողմից /928-953 թթ./: Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է` կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից` 966 թ., որն իր իշխող դիրքով և տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի` Կաթողիկե: Սբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արևելք Սբ Գրիգոր եկեղեցին է:

Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է գրատուն-մատենադարանը` կառուցված 1063թ., որը շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրերը, նշխարներ և մասունքներ. այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է և ամենամեծը:

Վանական համալիրը ներառում է նաև Սբ Հարություն եկեղեցին /13-րդ դ./, Զանգակատունը /13-րդ դ./, Զաքարյանների դամբարանը /12-13-րդ դդ./, Աղբյուրը /1831 թ./, Գրիգոր Տուտեորդու մահարձանը /1184 թ./:

Վանքում գործել է հոգևոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին և մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

Սանահին վանական համալիրը ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 5-ի N 55 որոշման համաձայն` սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: 1999թ. հուշարձան-համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակում:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի 2010թ. ապրիլի 13-ին ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ, տեղում քննարկվել են հուշարձանի հետ կապված խնդիրները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներից ելնելով` 2010-2011 թթ. ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. 2011թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ձեռք է բերվել Սանահին վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայականը:

2. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակաութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010թ. գերմանական մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրեցին եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք: Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը /վիթխարի գմբեթի բեռը վերականգնման աշխատանքների հետևանքով` էլ ավելի ծանրանալով, կարող է ամբողջովին կործանել եկեղեցին/:

Ըստ գործընթացով նախատեսված ժամանակացույցի, գերմանացի մասնագետները 2011թ. մայիս ամսին Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման: Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները /երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով/, որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին: Ս.թ. սեպտեմբերին գերմանացի մասնագետների կողմից ներկայացված և հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները: Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաև ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը:

Այդ աշխատանքների կատարման համար 2011 թվականի բյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ, իսկ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ով` հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` մոտավորապես 90 մլն դրամ: