Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը եւ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը մամուլի ասուլիս են հրավիրել եւ խոսել «Արցախգազ» ու «Արցախէներգո» ընկերությունների կառավարումը «Էյ Ի Ջի» ընկերությանը փոխանցելու մասին։
Այս թեման վերջին մի քանի ամիսների ընթացքում արծարծում են տարբեր առիթներով ու փորձում համոզել, որ դա շահավետ գործարք է։ Այսօր լրագրողներին մեկ անգամ եւս հավաստիացրին, որ կառավարման փոխանցումը կնպաստի ինչպես ցանցերի վերականգնմանը, ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, այնպես էլ ընկերությունների շահութաբերության ապահովմանը։
Տնտեսական զարգացման նախարարը հերքեց այն շրջանառվող կարծիքը, որ ընկերությունները սեփականաշնորհվում են։ Հիշեցնելով 2 ընկերությունների` մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ սեփականաշնորհման ենթակա լինելը` նախարարը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ տնտեսական զարգացման նախարարութունը՝ որպես պետական գույքի կառավարիչ, մասնավորեցման գործընթաց սկսելու վերաբերյալ հարց չի քննարկում, չկա նաեւ գործընթաց սկսելու քաղաքական որոշում։
Արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի հավաստմամբ` այդ ընկերությունները գործում էին արդյունավետ, բայց ոչ շահույթով, իսկ կառավարման փոխանցումից ակնկալում են նաեւ շահութաբեր գործունեություն։
«Էյ Ի Ջի» ընկերության հետ պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետ այսօր չնշվեց, բայց Կառլեն Պետրոսյանն ասաց, որ մոտակա օրերին կտեղեկացնեն այդ մասին։ Պայմանագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով, սակայն կարող է հետաձգվել եւս 1 տարով։ Համակարգերի գործունեության որակի փոփոխությունը կզգացվի 2012-ի կեսերից։
Լրագրողներին նաեւ վստահեցրին, որ կառավարման փոխանցումը որեւէ ազդեցություն չի ունենա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։