կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 05:26
Իրավական

Իրեն մեղավոր է ճանաչել ու փոխհատուցել հափշտակած գումարը

Իրեն մեղավոր է ճանաչել ու փոխհատուցել հափշտակած գումարը

Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում անցյալ տարի հարուցվել է քրեական գործ` «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ընկերության տնօրեն Հ. Վարդանյանին եւ գլխավոր հաշվապահ Վ. Տոռոզյանին ներկայացված մեղադրանքները:

Դատարանը հիմնավոր է համարել ապացույցներն առ այն, որ «Կամար» ՓԲԸ-ի հիմնադիր և տնօրեն Հ. Վարդանյանը, ստանալով պետության կարիքների համար հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի մատակարարման գնման պայմանագրով նախատեսված 153,0 մլն դրամ գումարը եւ նախապես գիտենալով, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ընկերության առաջարկած` 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ ռուբլի արժեքով «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին, խաբեությամբ այդ նավի ձեռքբերման գին նշել է 99,0 մլն դրամ:

Այնուհետեւ նշված նավի ձեւափոխման, կահավորման և այն Հայաստան տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով` ՀՀ բնապահպանության նախարարությանը մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանողի ձկնորսական նավը և գլխավոր հաշվապահ Վ. Տոռոզյանի օժանդակությամբ հափշտակել է պետական բյուջեից հատկացված գումարից առանձնապես խոշոր չափերի` 33.559.963 դրամ գումար:

Հ. Վարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել հափշտակած` 33.559.630 դրամ գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. մայիսի 11-ի դատավճռով Հ. Վարդանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով:

Վ. Տոռոզյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով: Իսկ փաստաթուղթն անփութորեն հաստատելու պատճառով ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետ Ս. Մայիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2011թ. հունվար ամսին դադարեցվել է` համաներման ակտի ընդունվելու հիմքով: