|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Գնահատականները, որ կառավարությունը խթանում է քաղաքացիների արտագաղթը Հայաստանից, երբեմն չափազանցված են թվում անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո: Ավելի իրական է բանավեճը տեղափոխել այլ հարթություն` այդ քաղաքականությունը նպատակամղվածությա՞ն, թե՞ անմեղսունակության հետեւանք է: Այդ դեպքում պատկերն ավելի ամբողջական կդառնա: Այլ կերպ դժվար է հասկանալ ամբողջությամբ կառավարության եւ նրա առանձին անդամների գործունեությունը:
Օրինակ` օրերս ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Եղեգնուտ համայնք: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ նման գյուղնախարարն ինքնին արտագաղթի խթան է: Ս. Կարապետյանն իրեն այնպես է պահել գյուղացիների հետ շփման ժամանակ, որ նրան գրեթե «դուրս են հրավիրել» գյուղից:
Մասնավորապես` բնակիչների դժգոհություններին, թե նախարարությունն իրենց ոչնչով չի օգնում, նույնիսկ համապատասխան տեխնիկա չի հատկացնում, Ս. Կարապետյանը բավական կոպիտ է պատասխանել, ինչն ավելի է ըմբոստացրել գյուղացիներին: Այդ հանդիպման ականատեսների վկայությամբ` գյուղացիների դժգոհությունները մեղմելու փոխարեն Ս. Կարապետյանը նկատողություն է արել նրանց` ասելով. «Կարտ ու նարդի եք խաղում, ինչո՞ւ չեք գնում հանդ»:
Նրա այս խոսքերն ավելի են զայրացրել գյուղացիներին, որոնցից մեկն, ի պատասխան Կարապետյանի, ասել է. «Տո ջահել, մեր գյուղում ձենդ չբարձրացնես»:
Զգալով, որ գյուղացիների մոտ «վերակացուի» իր պահվածքը հակառակ արդյունքի է հանգեցնում, Կարապետյանը սկսել է արդարանալ` ասելով. «Ես էլ մարդ եմ, ես էլ եմ բորբոքվում»:
Չնայած Կարապետյանին էլ կարելի է հասկանալ. մարդը, գյուղատնտեսության նախարար դառնալով, հույս ուներ, որ, դաշտերն օրհնելով, ամեն ինչ լավ կլինի, իրեն էլ գյուղացիները «մինիստրի տեղ կդնեն»: Սակայն կյանքը ցույց տվեց, որ իր պաշտոնավարման յուրաքանչյուր օրն ավելի ծանր է դարձնում գյուղատնտեսության եւ գյուղացու վիճակը: Եվ ստացվում է, որ կա'մ Ս. Կարապետյանը պետք է արտագաղթի, կա'մ գյուղացիները, ովքեր արդեն արտագաղթում են ոչ թե անհատապես կամ ընտանիքներով, այլ ամբողջական գյուղերով: