Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
«Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, որի գլխավոր նպատակը երիտասարդ ռեժիսորներին կինոարտադրության մեջ ընդգրկելն է:
«Ոսկե ծիրանը» հնարավորություն է ընձեռել երիտասարդներին այս խորագրի ներքո իրականացնել իրենց մտահղացումները, ինքնուրույն ձեւակերպել պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաեւ կատարել ֆիլմերի ընտրությունը: Մրցույթին ներկայացված 135 ֆիլմից ընտրվել են միայն 25-ը, որոնց մեջ կան և' ակադեմիական, և' էքսպերիմենտալ ֆիլմեր:
«Կորիզ» անվանակարգի ժյուրին կնախագահի պրոդյուսեր Թիերի Լենուվելը (Ֆրանսիա): Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը (Ռուսաստան) եւ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը:
«Կարճամետրաժ ֆիլմը հնարավորություն է տալիս համարձակ ցույց տալ պատմությունը: Այն ճիշտ մտածողություն է ծնում»,- ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը:
Ըստ նրա` հատկապես երիտասարդ ռեժիսորների շրջանում կա մտածելակերպ, որ առանց մեծ գումարների հնարավոր չէ լավ ֆիլմ ստեղծել:
«Խնդրում եմ, եկեք նայեք այս ֆիլմերը և կտեսնեք, թե ինչպես կարելի է չնչին գումարներով ստանալ մի պատմություն, որը կարող է ասել ավելին, քան 2 ժամանոց ֆիլմը»,- ասաց Ա. Շահբազյանը:
Կարևորը միտքն է, հավատացնում են կինոգործիչները, նոր թեմաների ի հայտ բերումն ու դրանք նոր տեսանկյան տակ դիտարկելը: Խոսքը հենց կինոյի լեզվի մասին է. «Անպայման չէ, որ ֆիլմը նկարված լինի ամենավերջին տեխնիկայով, լույսերով, ո’չ, ֆիլմում ամենագլխավորը լեզուն է, ասելիքի ձևը, որը մեր հայ իրականության մեջ նորոգվելու կարիք է զգում: Պատմությունը ժամերով պատմել պետք չէ, այլ` լակոնիկ ու դիպուկ»:
Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի խոսքով` ծրագիրը կինոյի այբուբենը սովորեցնելու համար է:
«Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդ ստեղծագործողների ֆիլմերը կցուցադրվեն Տիկնիկային թատրոնում` հայերեն թարգմանությամբ: