կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-17 00:13
Աշխարհ

Կանանց համար ամենավտանգավոր երկրները

Կանանց համար ամենավտանգավոր երկրները

Thomson Reuters հիմնադրամը ներկայացրել է կանանց համար աշխարհի ամենավտանգավոր երկրների ցուցակը:

Հաշվի են առնվել 6 ռիսկային գործոններ` առողջության վտանգները, սեռական բռնությունը, ոչսեռական բռնությունը, մշակութային եւ կրոնական գործոնները, ռեսուրսների մատչելիության բացակայությունը եւ թրաֆիկինգը:

Առաջին տեղում Աֆղանստանն է: Այնտեղ կանանց 87 տոկոսն անգրագետ է, 70-80 տոկոսը ստիպողաբար են ամուսնանում: Յուրաքանչյուր 11-րդը մահանում է ծննդաբերության ժամանակ:

Երկրորդը Կոնգոյի Հանրապետությունն է. բարձր է սեռական բռնությունների մակարդակը` օրական մոտ 1150 կին է  բռնաբարվում, տարեկան` 420.000:  Հղի կանանց 57 տոկոսը տառապում է սակավարյունությամբ:

Պակիստանը երրորդ ամենավտանգավոր երկիրն է: Գերիշխում են ցեղախմբերի դաժան պատիժները. ավանդույթներին դեմ դուրս եկող կանանց քարկոծում են: Համաձայն Պակիստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալների` մոտ 1000 կին տարեկան սպանվում է` «հանուն պատվի», կանանց 90 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության:

Չորրորդ տեղում Հնդկաստանն է: Այստեղ շատ են պարտադրված ամուսնությունները, հատկապես` անչափահաս տարիքում: Բացի այդ` 100 միլիոն կին եւ երեխա թրաֆիկինգի զոհ են դարձել: Մոտ 50 միլիոն կին անհայտ կորել է վերջին տասնամյակի ընթացքում: Կանանց մեծ մասը ամուսնու պարտադրանքով ազատվում է աղջիկ երեխայից:

Առաջին հնգյակը եզրափակում է Սոմալին: Այստեղ կանանց 95 տոկոսի սեռական օրգանները վիրահատական միջամտությամբ խեղմվում են, հիմնականում` 4-11 տարեկան հասակում: Կանանց միայն 9 տոկոսն է նորմալ պայմաններում ծննդաբերում: