Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի կենտրոնը հնարավոր է փլուզվի, քանի որ քաղաքի տակ դատարկություն է. «Էկոլուր»-ին նման կարծիք է հայտնել երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
Ըստ նրա` պատճառը այն է, որ ստորգետնյա ջրերը վայրկյանում 500-600 կգ գրունտ են լվանում: Մետրոյի «Երիտասարդական» կայարանից մինչեւ «Հանրապետության հրապարակ» կայարանը թունելները կտրել են Երեւանի ստորգետնյա ջրերի երեք հորիզոնները:
«Ջրհան պոմպերով մետրոյից վայրկյանում 1000-1200 լիտր ջուր են հանում: Նախկինում «Սասունցի Դավիթ» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանները ջրի մեջ էին: Դրանից հետո կաշվի գործարանի մոտից թունել փորեցին «Զորավար Անդրանիկի» տակ: Հիմա ջրերը հանում, լցնում են այդ թունելը, որտեղից էլ դրանք թափվում են Հրազդանը»,- ասել է Ռ. Յադոյանը եւ հավելել, որ «Մոսկվա» կինոթատրոնի, Ղուկասյան փողոցի, Երեւանի քաղաքապետարանի, «Սպարտակ» մարզադաշտի, մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի տակ դատարկություններ կան, այդ պատճառով Աբովյան, Թումանյան, Հանրապետական, Պուշկինի փողոցների, Հյուսիսային պողոտայի, Մաշտոցի պողոտայի շենքերի պատերը ճաքում են, շենքերը` նստում:
«Անմիջապես «Ռոսիա»-ի կողքին, երբ ճանապարհ էին սարքում, հողը նստեց: Եվրոպայում, Ամերիկայում աղմուկ բարձրացավ, բայց այստեղ ծածկեցին: Գիշերը եկան, լցրեցին, փակեցին, ոչ մեկին չասեցին, բայց դա ես գիտեմ»,- նշել է երկրաբանը:
Նա այդ մասին գրավոր տեղեկացրել է ե'ւ քաղաքապետարանին, ե'ւ կառավարությանը, խոսել է ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ ու առաջարկել հնարավոր աղետը կանխելու տարբերակ: Ռ.Յադոյանի համոզմամբ` անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել դատարկությունների հստակ տեղը որոշելու համար, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի վտանգի աստիճանը փոքրացվի կամ լրիվ կանխվի: