կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 14:23
Իրավական

«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը․ «Ազատություն»

«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը․ «Ազատություն»

«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին: Այս մասին գրում է «Ազատությունը»։

Ըստ դատալեքս տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը:

Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսի» վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթավերջին էլ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այն վերաբացվել է նոր անունով և կլինի մայրաքաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո։ Մինչդեռ, ընկերությունը քաղաքային իշխանության հետ դեռ 2016 թվականի հողի վարձակալության պայմանագրով այդ հողը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Բայց Ավինյանը ծառուկյանից վերցրեց ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շենքն ու ներսի գույքը:

Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:

Օրերս հաղորդվել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում պետության կառավարմանն է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը: