կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 03:02
Արցախ

Շինարարության աճին նպաստել է համահայկական կառույցը

Շինարարության աճին նպաստել է համահայկական կառույցը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ժամանել են Արցախ` հետեւելու հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։

Երեկ նրանք հանդիպել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հյուրերին պատմել է տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել հնչած տարաբնույթ հարցերին:

Արա Հարությունյանը Արցախը եւ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտը համեմատել է մեծ շինհրապարակի հետ, որտեղ օրեցօր ավարտուն տեսք են ստանում նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի շենքեր, առանձնատներ եւ տնտեսության զարգացմանը նոր հեռանկար խոստացող այլ կառույցներ: Նա հույս է հայտնել, որ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը տեսանելի կլինի շինարարության աճի հետ: Եթե 2005-2006 թթ. շինարարության ծավալը 40-50 միլիոն դոլարի շրջանակում էր, ապա այսօր հատվել է 120-130 միլիոն դոլարի շեմը:

Շինարարության կտրուկ աճին նպաստել է համահայկական կառույցը: Հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը գոհունակությամբ նշել է այս փաստի խթանիչ հիմնական գործոնը. վերջին 2-3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի աճին նպաստել է կառավարության համաֆինանսավորումը իրականացվող բոլոր աշխատանքներում: Նրա բնութագրմամբ` այսօր արդեն հնարավոր է 1-ի փոխարեն իրականացնել 2, 10-ի փոխարեն 20 ծրագիր:

Հյուրերը հետաքրքրել են նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի պաշտոնական բացման եւ Ստեփանակերտ-Երեւան առաջին թռիչքի հետաձգման հարցերը: Այդ կապակցությամբ վարչապետը նշել է հանրապետության նախագահի դիրքորոշումը՝ օդանավակայանը կաշխատի այն դեպքում, երբ կապահովվեն անվտանգության անհրաժեշտ պայմանները:

Արա Հարությունյանը խոսել է նաև վերաբնակեցման, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Հատկանշական է, որ վերջին 6-7 ամսում 300 ընտանիք է վերաբնակեցվել Քաշաթաղի շրջանում: