կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 04:19
Քաղաքական

Ընտրություններին դեռ չեն պատրաստվում

Ընտրություններին դեռ չեն պատրաստվում

Խորհրդարանական ընտրությունների մասին դեռ վաղ է խոսել, «Ժառանգության» ներսում նման քննարկումներ չկան. այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` կուսակցությունն ակտիվ քննարկումների եւ խորհրդակցությունների փուլում է, եւ իրենց հիմնական նպատակն է ոչ միայն բոլորին ներկայացնել, թե ինչպես են իրենք պատկերացնում հետագա պայքարը Հայաստանում ժողովրդավարություն եւ սահմանադրական կարգ հաստատելու ուղղությամբ, այլ նաեւ լսել այլ կարծիքները: Սա այն ռեալ շրջանակն է, որում գործում է «Ժառանգությունն» իր ներքին եւ արտաքին խորհրդակցությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» համագործակցությանն այլ ուժերի հետ, ապա Սաֆարյանը շեշտեց, որ իրենք միշտ բաց են եղել եւ շահագրգռված են քաղաքական դաշտում ունենալ համագործակցության իսկապես նոր որակ եւ նոր բանաձեւ, որովհետեւ, նրա խոսքով,անցյալի բոլոր փորձություններն ու փորձառությունները ցույց են տվել, որ «Ժառանգությունը» չի հասել իր առջեւ դրված ընդհանուր նպատակին:

«Հետեւաբար, մենք գոնե քաղաքական խիզախություն ունենք` խոստովանելու, որ համագործակցության նախկին բանաձեւը լավագույնը չի եղել: Իհարկե, միայնակ «Ժառանգությունը» ավելի քիչ բանի կարող է հասնել, քան այն «Ժառանգությունը», որը նպատակներ կդնի եւ այդ նպատակների իրագործման ուղղությամբ կգործի այլ քաղաքական ուժերի հետ միաժամանակ»,- նշեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության վարկանիշի նվազման մասին խոսակցություններին, ապա Սաֆարյանն ասաց, որ իրենք համեստորեն կլռեն, «որովհետեւ այդ թվախաղերը միշտ ի գիտություն են ընդունում, բայց ոչ երբեք հիմք իրենց գործունեության համար»: «Մի փոքր հատված կա, որը շատ խրոնիկական «հակաժառանգական» կեցվածք ունի. երբեւիցե չենք վշտանում ու զայրանում հրապարակված նմանատիպ թվերից, ուղղակի միշտ հիշում ենք 2007-ը»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Իսկ Դաշնակցության հետ համագործակցության վերաբերյալ նա նշեց, որ «Ժառանգությունը» խորհրդարանում, այս կամ այն կենսական նշանակության հարցի ընդունման կամ լուծման հետ կապված, կարող է ունենալ համագործակցություն, սակայն այլ ձեւաչափով համագործակցելու մասին որեւէ քննարկում չի եղել եւ այս պահին էլ չկա: «Ժառանգությունն» այն ուժը չէ, որը քաղաքական դաշտում առաջնորդվում է ատելության, սիրո եւ այլ զգացմունքներով, որոնք քաղաքականության մեջ պետք է մաքսիմալ քիչ արտահայտված լինեն: Անգամ ամենածանր հարաբերությունն ունենալով որեւէ քաղաքական ուժի հետ` որոշումներ կայացնելիս մենք տուրք չենք տվել այդ էմոցիոնալ ֆոնին»,- եզրափակեց նա: