Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության ծրագրի բարեփոխման շրջանակներում` այսօր Հայաստան է բերվել շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը` թվով 20 մեքենա: Առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում հանրապետություն կբերվեն մնացած 80 մեքենաները եւ կբաշխվեն բոլոր մարզերին ու մայրաքաղաքին: Այս մասին այսօր տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Փոխնախարարը գործուղվել էր Չինաստանի համապատասխան գործարան, որտեղ հավաքվում են այդ մեքենաները: Որակով մեքենաներ են, լավ մեքենաներ են` «Ֆորդ» մակնիշի, եւ հաշվարկված են մեր ճանապարհների համար: Գծային շտապօգնության մեքենաները համապատասխան հագեցվածություն ունեն, եւ 20 ռեանիմացիոն շտապօգնության մեքենա լիովին հագեցված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով»,- ասաց նախարարը` հավելելով, որ շտապօգնության համակարգը նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, «բայց ամեն ինչ ժամանակին է լինում, ամեն ինչ` ըստ հնարավորությունների»:
«Հիմա մենք հնարավորություն ունենք եւ տարբեր ուղղություններով զարգացնում ենք առողջապահության ոլորտը»,- նշեց նախարարը:
Պատասխանելով լրագրողների հարցին` հնարավո՞ր է, որ նոր մեքենաների հետ բարձրանա շտապօգնության աշխատակիցներին տրվող «շնորհակալության» չափը, նախարարը պատասխանեց, որ կանչերն անվճար են. «Դուք գիտեք, որ 2011թ. ընթացքում մենք կտրուկ բարձրացրեցինք շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը, եւ նորից ուզում եմ հայտարարել, որ կանչի համար որեւէ գումար մուծելու կարիք չկա: Կվերահսկենք, որ կամայականություններ չլինեն, բժշկական անձնակազմն էլ անաչառ աշխատելու պատրաստակամություն է հայտնել»,- հավաստիացրեց նախարարը: