կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 23:34
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Նոր հիմնվող արտադրությունների բեռը կթեթևացվի

ԿԱՊԻՏԱԼ. Նոր հիմնվող արտադրությունների բեռը կթեթևացվի

Հայաստանի շուրջ 70 գործարարների նախաձեռնությամբ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել նրանց հետ և բիզնես ոլորտի խնդիրների շուրջ քննարկում անցկացրել։ Նախագահը հայտարարել է, որ պետությունը պատրաստ է օգնել միջոցներով, տրամադրել հարկային արտոնություններ ցանկացած արտադրության, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական հենքի վրա։

«Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ՝ պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների»,- գործարարների հետ քննարկմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը գործարարների հետ ծավալել է բաց ու անկեղծ զրույց և առաջարկել քննարկել տնտեսության արդիականացմանն ուղղված բոլոր առաջարկները։ «Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները: Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում հայ գործարարները բարձրացրել են իրենց հետաքրքրող խնդիրները, հանդես եկել առաջարկներով։ Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ առաջին անգամ Հայաստանում նոր հիմնվող արտադրություններին, բացի ավելացված արժեքի հարկի մասով արտոնություններ տալուց, 3-4 տարով շահութահարկից ազատվելու հնարավորություն կտրվի։ Արսեն Ղազարյանը փոխանցել է Սերժ Սարգսյանի տեսակետը՝ չպետք է Հայաստանը դարձնել ազատ առևտրի գոտի։