կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 18:21
Տնտեսական

Ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաեւ լաբորատորիայի եւ կարի արտադրությունների աշխատանքը

Ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաեւ լաբորատորիայի եւ կարի արտադրությունների աշխատանքը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Երեւանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում եւ մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում եւ Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր եւ այլն։ Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։

Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատեւ կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաեւ կասեցման աշխատանքները։ Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման եւ ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման եւ ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձեւեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։