կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-29 17:30
Հասարակություն

Վարչապետը կարևորել է ոսկերչական արտադրությունների հիմնումը Հայաստանում

 Վարչապետը կարևորել է ոսկերչական արտադրությունների հիմնումը Հայաստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: 
Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, արտադրանքի սպառման ու արտահանման ծավալներով, զարգացման ծրագրերով։ Ողջունելով թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ վարչապետը միաժամանակ կարևորել է գործնական բիզնես ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու, մասնագետներ պատրաստելու և աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի ծավալն ավելացնելու, շուկան ընդլայնելու և դրանով իսկ ոլորտի հետագա զարգացումը խթանելու գործում:
 «Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ակտիվ համագործակցել ոսկերչական ընկերությունների հետ:
Վարչապետը ծանոթացել է նաև Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի արհեստագործական հոսքի սաների պատրաստած աշխատանքներին: Նշվել է, որ հոսքը գործում է այդ աշխատանքների վաճառքից ստացվող հասույթի հաշվին: Ողջունելով աշակերտների կատարած աշխատանքը և տեղեկանալով, որ հոսքի հետագա գործունեության համար հաստոցի կարիք կա՝ Կարեն Կարապետյանը խոստացել է նվիրել այն դպրոցին:

***

«ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» միջազգային ոսկերչական ցուցահանդեսն անցկացվում է Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) կողմից ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է՝ աջակցել ոսկերչության զարգացմանը, ոլորտում միջազգային համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների և ծրագրերի կյանքի կոչմանը:

 Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից: