կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 05:25
Առանց Կատեգորիա

Կոլիզեումը վերանորոգում են

Կոլիզեումը վերանորոգում են

Իտալիայի կառավարությունը, Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարությամբ, Հռոմի Կոլիզեումը վարձով է տվել Tod’s կոշիկի արտադրության սեփականատեր Դիեգո դելլա Վալլեին: Վերջինս իրավունք է ստացել վերականգնել համաշխարհային մշակույթի այդ կոթողը:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Իտալիայի իշխանությունների հետ կնքված համաձայնագրում նշվում է, որ Կոլիզեումը մասնավոր անձին տրվում է 15 տարի ժամկետով, եւ դելլա Վալլեն պետք է 25 միլիոն եվրո ներդնի կառույցի վերականգնման գործում:

Կոլիզեումի վերականգնման աշխատանքները սկսվեն 2011-ի երկրորդ կեսին եւ կտեւեն 2-3 տարի:

Դիեգո դելլա Վալլեի եւ իտալական իշխանությունների միջեւ կնքված այս պայմանագիրը բուռն քննարկումների առարկա է դարձել իտալական ԶԼՄ-ներում: Թեեւ գործարարը բազմիցս հայտարարել է, որ Կոլիզեումը չի դիտարկում որպես «փող վաստակելու միջոց», համաձայնագրում նշվում է, որ Tod’s-ի ղեկավարին միլիոնների ներդրում անելու դիմաց բացառիկ առավելություններ են տրվելու:

Օրինակ` դելլա Վալլեն իրավունք է ստացել կոմերցիոն նպատակներով օգտագործել Կոլիզեումի նկարները. գործարարը նոր ապրանքանիշ է գրանցել` «Կոլիզեումի ընկերները», եւ կարող է նաեւ Tod’s-ի լոգոն տեղադրել ամֆիթատրոնի մուտքերի մոտ:

Այս գործարքի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել իտալական UIL միությունը, որը բողոք է ներկայացրել Հռոմի դատախազություն: Միությունը համարում է, որ գործարքը օրենքի խախտում է, քանի որ Իտալիայի Սահմանադրությամբ Կոլիզեումը կարող է պատկանել միայն պետությանը: