Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական հայտնի խոսք կա` դուզ խոսքն էշին կասեն…
Մեր թերթերն ու կայքերը վաղուց են յուրացրել այս ճշմարտությունը, բայց նրանց հրապարակումների հերոսներն, ավաղ, դեռևս շարունակում են իրենց մասին գրված ամեն ինչ դուզ-դուզ ընդունել: Իրենց գործն է: Դատարաններն են ուղղակի մեղք:
Հայտնի օրենքի ընդունումից հետո Աճառյանի «Հայերենի արմատական բառարանն» է դարձել մեր դատավորների սեղանի գիրքը: Բայց երանի հենց այդ գրքով դատեին թե' լրատվամիջոցին, թե' նրան դատի տվողին, որովհետև դատի տվողն էլ երբեմն-երբեմն, հիմնականում բարձր քարի վրա կանգնած, արտահայտություններ է անում լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, որոնք, մեղմ ասած, թեև համապատասխան օբյեկտին ուղղված դուզ խոսքեր են, բայց թերթ ու գրչի մարդիկ, պետության շահերից ելնելով, բանի տեղ չեն դնում: Իրենց գործն է այդպիսին:
Օրերս հայկական մամուլում ամենաշրջանառվողները քաղաքացի Արզաքանցյանի կողմից «Երկիր» օրաթերթին դատի տալու եւ առաջին դատական նիստի մասին լուրերն էին, որոնք մեկ անգամ եւս հաստատեցին այն դրույթի ճշմարտացիությունը, որ չի կարելի մարդու` վիրավորվելու բարձրակարգ ընդունակությունը իջեցնել այն աստիճան, որ նույնիսկ հերքում տպագրելու եւ ներողություն խնդրելու պահանջը փոխարինվի պատվի ու արժանապատվության դիմաց փող աշխատելու քստմնելի հավակնության:
Իսկ որպեսզի դա տեղի չունենա, առաջարկում եմ մեր դատարաններում` ներս մտնողի համար տեսանելի տեղում պաստառներ փակցնել` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտնի խոսքերով. «Մի փորձեք եզան տակ հորթ փնտրել»:
Ի դեպ, քաղաքացի պատգամավոր Արզաքանցյանը կարող էր այս մասին իմանալ ավելի վաղ եւ սկզբնաղբյուրից, եթե ավելի հաճախակի այցելեր ԱԺ, որտեղ էլ հնչել են արտգործնախարարի անմահ խոսքերը:
Ելնելով ասվածից` հաջողություն ենք մաղթում «Երկիր»-ին էլ, Արզաքանցյանին էլ: Առաջինին` իր գործում, երկրորդին` հետևություններ անելու` մարդուն տրված աստվածատուր շնորհքն իզուր չվատնելու: Տերն ընդ ձեզ:
Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ
«Հրապարակ»