կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 03:07
Տնտեսական

Դե հիմա տես, թե ես քեզ ինչ կանեմ

Դե հիմա տես, թե ես քեզ ինչ կանեմ

Տուգանելով տնտեսվարող սուբյեկտներին եւ այդ տուգանքի հիմքում որպես ապացույց դնելով միայն իր որոշումը` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտում է Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ. այսօր լրագրողներին ասաց Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը:

Ըստ նրա` երբ սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն ԼՏԹՖ-ին տուգանեց 5 մլն դրամի չափով` ձվերի վրա ամսաթիվը չմակնշելու համար,  թռչնաֆաբրիկան դատական կարգով բողոքարկեց հանձնաժողովի որոշումը եւ շահեց դատը: «5 մլն-ի բողոքարկման փաստով դատական գործը շահեցինք, եւ հենց նույն օրը` մարտի 9-ին, վարչական վարույթ հարուցվեց «Լուսակերտ» ԹԲՖ-ի նկատմամբ` գերիշխող դիրքի չարաշահման համար` 100 մլն դրամի չափով,- նշեց Ի. Հակոբյանը:- Դա կանխամտածված քայլ էր, միգուցե հանձնաժողովը շատ էր բարկացել, որ 5 մլն-ի վարչական ակտն անվավեր ճանաչվեց: Արդյունքում ստացվեց այս պատկերը` դե հիմա տես, թե ես քեզ ինչ կանեմ»:

Իրինա Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովն անօրինական է գործում, քանի որ իր որոշումներն ապացուցում է «դիտանցումների» միջոցով: «Որեւէ մեկը գիտի՞, թե ինչ է դիտանցումը: Ես, լինելով իրավաբան, չգիտեմ»,- ասաց շահերի պաշտպանը:

Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի` մարտի 30-ի նիստում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան ճանաչվել է գերիշխող դիրքը չարաշահող եւ տուգանվել 2009 թ. հասույթի 2 տոկոսի չափով, ինչը կազմում է ոչ թե 100 մլն, այլ մոտ 80 մլն դրամ, իսկ «20 մլն դրամը բավական մեծ տարբերություն է` նման պատասխանատու հայտարարություն անելու համար»:

Ի. Հակոբյանը նաեւ նշեց, որ հանձնաժողովն իր որոշման մասին տեղեկանքը լրագրողներին բաժանել է նույն օրը առավոտյան, երբ նիստը դեռ չէր էլ սկսվել, եւ, բնականաբար, որոշում էլ չէր կայացվել:

Վարչական ակտում այս եւ մի շարք այլ խախտումներ հայտնաբերելով` ԼՏԹՖ-ն որոշել է դատարանում բողոքարկել ՏՄՊՊՀ-ի որոշումը: