Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի թատերական գործիչների միությունում` «Թատրոն X»-ի շրջանակներում, «Ջուլիետ» մոնոներկայացման հերթն էր «կանգնելու» հանդիսատեսի առջեւ:
Ի դեպ, «Ջուլիետ»-ը ուսանողական բեմադրություն էր:
Այն, որ մոնոներկայացումն ամենաբարդ ժանրն է, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ Շեքսպիր բեմադրելը նույնպես հեշտ չէ, ուստի` թատերագետ Լեւոն Մութաֆյանի` «խիզախել եք» բնութագրումը տեղին էր:
Ջուլիետը երեւակայական հերոսների հետ խոսում էր, վիճում, համաձայնում կամ` ոչ, բայց էականն այն էր, որ Ջուլիետն ազատ էր իր գործողությունների մեջ, բայց միաժամանակ «բռնադատված» էր տեքստին:
Ներկայացումից հետո քննարկման ժամանակ հնչած կարծիքները տարբեր էին. թատերագետ Լեւոն Մութաֆյանը նշեց, որ ներկայացման գրական տեքստը ստեղծված էր նրանց համար, ովքեր տանից դուրս գալուց առաջ Շեքսպիր են կարդացել:
«Ճիշտ է, սյուժետային գիծը կար, որը գալիս էր Շեքսպիրից, սակայն պետք է վերցվեր մեկ գիծ, մեկ գործողություն եւ այդ դեպքում ձեր աշխատանքը նոր ու թարմ կլիներ: Վերցրել էիք սիմվոլների մի ամբողջ համակարգ եւ Ջուլիետին զոռով բերել-մտցրել այդտես»,- ասաց թատերագետը:
Մութաֆյանը նկատեց յուրաքանչյուր ներկայացման համար էական մի բան. ներկայացումը «ֆինալ» չուներ, այսինքն` սյուժետային վերջաբանը կար, բայց դա ներկայացման վերջաբանը «չդարձավ»:
Նշենք, որ կարծիքներ հայտնեցին նաեւ Թատերական ինստիտուտի ուսանողները, որոնցից մեկը նշեց, թե սա իր տեսած բազմաթիվ Ջուլիետների մեջ լավագույնն էր: Ի պատասխան նրան, Մութաֆյանն ասաց, որ ուսանողը չէր կարող բազմաթիվ Ջուլիետներ տեսած լինել, եւ, բացի այդ, չի կարելի ասել «ուրիշի մոտ լավ չէր ստացվում, քեզ մոտ ավելի լավ է ստացվում»:
Ջուլիետի դերակատար Էմմա Մանուկյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումից առաջ զգացողությունները շատ տարօրինակ էին:
«Այսօր առաջին անգամ շատ էի ուզում, որ ներկայացումը սկսվի, որովհետեւ պատրաստ էի խաղի հաճույքին: Հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ առաջին անգամ եղավ քննարկում, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ընդունեցի բոլոր կարծիքները, քանի որ դերասանի համար հանդիսատեսի կարծիքն այլ է. չէ՞ որ նա կողքի աչք է, որը չի սխալվում»,- նշեց Էմման:
Ներկայացման ռեժիսոր Սուրեն Սաֆարյանն էլ նշեց, որ ամենից շատ իրեն հուզում էր հանգամաքը, թե ներկայացումը կունենա վերջաբան:
Ի դեպ, տարօրինակ էր, բայց բացի Լեւոն Մութաֆյանից այլ պրոֆեսիոնալ թատերագետներ չկային ներկայացման քննարկմանը: