կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 04:22
Քաղաքական

Հավը երազում կորեկ է տեսնում

Հավը երազում կորեկ է տեսնում

Դեպի Ստեփանակերտ իրականացվելիք չվերթերի վերաբերյալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը որակեց որպես պետական ահաբեկչություն:

 

«Այս չվերթի հետ կապված ադրբեջանական հոխորտանքները հեռուն գնացող սադրանքների ավելի խորացված տարբերակն են, որը այլ կերպ, քան պետական ահաբեկչություն, չի կարելի որակել»,- ասաց նա:

 

Ռազմական փորձագետը նշեց, որ այդ չվերթերը լուրջ տնտեսական խթան կարող են լինել Արցախի համար, իսկ Ադրբեջանի սադրանքը հին մարտավարություն է` միտված չվերթն ի չիք դարձնելուն:

 

«Ադրբեջանական կողմը չի հաշվարկել, որ այդ քայլով ադրբեջանցիները նույն կերպ հնարավոր է վնասեն նաեւ ինքնաթիռում գտնվող այլ երկրների քաղաքացիների, քանի որ չվերթից օգտվել ցանկացողների թվում նաեւ օտարերկրացիներ կան»,- նշեց նա:

 

Բացի այդ` ադրբեջանական այդ քայլն արժանի պատասխան է ստանալու, քանի որ հայկական կողմը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի տարածքից թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու ու հակահարվածի համար:

 

Փորձագետի հավաստմամբ` դա անելու հնարավորություն է տալիս նաեւ երկրի աշխարհագրական դիրքը:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ այս կապակցությամբ նաեւ ուրախացնող փաստեր կան. հայ հասարակության արձագանքը: Ըստ նրա, ի հակադրություն Ադրբեջանի սպառնալիքների, շատերն են ցանկանում օգտվել Երեւան-Ստեփանակերտ չվերթից:

 

Իսկ ադրբեջանական կողմի հայտարարությունը քաղաքագետը գնահատեց որպես տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականում Ադրբեջանի մտածելակերպին բնորոշ քայլ է:

 

«Ես ուզում եմ կենտրոնանալ այն փաստի վրա, որ իսկապես գործ ունենք պետական ահաբեկչության հետ: Ահաբեկչությունը միայն կատարման ակտ չէ, վախեցնելու, ներազդելու գործոնն էլ է ահաբեկչություն: Ահաբեկչական տարբերակով, այնուամենայնիվ, հնարավոր եմ համարում Ադրբեջանի` նման քայլի դիմելը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

 

Բանախոսները նաեւ ավելացրին, որ ինքնաթիռում, բացի հասարակ քաղաքացիներից, ցանկանում են եւ պետք է լինեն հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, անվանի մարդիկ, ովքեր դրանով Ադրբեջանին ցույց են տալու, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել: