Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Աթենքում անցկացվում է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) նախագահության նիստը` կազմակերպության նախագահ եւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի նախագահությամբ։ Նիստին մասնակցում է նաեւ Հայաստանից կազմակերպության փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը, նախագահության նիստը կենտրոնանալու է արաբական աշխարհում վերջին զարգացումների վրա, քննարկվելու են համատեղ քայլերի հնարավորությունները՝ այս ժողովրդավարական հեղափոխությունների նպատակների հաջողության համար։
Մեկօրյա ժողովի օրակարգում է նաեւ Փղոսկրի ափը (Կոտ դ'Իվուարը), ուր Սոցինտերնի անդամ կուսակցությունը՝ Փղոսկրյան ժողովրդային ճակատը, կախակայվել է երկրում հետընտրական ճգնաժամի պատճառով։
Սոցինտերնի նախագահությունը քննարկելու է նաեւ անդամակցության եւ անդամ կուսակցությունների պարտավորությունների կատարման վերաբերյալ սկզբունքային հարցեր։
Սոցինտերնը սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայրցամաքներից։ Կազմակերպության նախագահությունը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, 32 փոխնախագահից եւ 6 ի պաշտոնե անդամներից։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996 թ. սեպտեմբերին դարձյալ դարձել է Սոցինտերնի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձել է Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակը:
Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008թ. հունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզյանն ընտրվել է կազմակերպության փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008թ. նոյեմբերին Մեխիկոյում ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին ընտրել է Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի համանախագահ:
ՀՅԴ Կանանց խումբը Կանանց Սոցինտերնի անդամ է:
ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության անդամ է և Սոցիալիստ երիտասարդների եվրոպական համայնքի դիտորդ անդամ: