Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 10-ին Ստամբուլում մեկնարկել են Սոցինտերնի ժողովները։ Դրանց մասնակցելու նպատակով Ստամբուլ է մեկնել ՀՅԴ պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը:
Նոյեմբերի 10-ին գումարվել է Սոցինտերնի ֆինանսների եւ վարչական հանձնախմբի նիստը, որի անդամ է ՀՅԴ-ն։ Նիստին մասնակցել է Մարիո Նալբանդյանը։ Քննարկվել է կազմակերպության ֆինանսական վիճակը:
Նույն օրը երեկոյան գումարվել է Սոցինտերնի նախագահության նիստը` կազմակերպության նախագահ, Հունաստանի PASOK կուսակցության նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Յորղոս Պապանդրեուի նախագահությամբ: Անդրադարձ է եղել միջազգային քաղաքական իրադարձություններին եւ կազմակերպության դիմագրաված հարցերին։
Ժողովին ներկա է եղել նաեւ հյուրընկալ՝ Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության ղեկավար, Սոցինտերնի փոխնախագահ Քեմալ Քըլըճդարօղլուն։
Կազմակերպության հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել Մարիո Նալբանդյանը, սակայն մինչ այդնա ասել է, որ իր եւ ՀՅԴ-ի համար Ստամբուլում նման ժողովների մասնակցությունը պատմական նշանակություն ունի, ոչ թե որովհետեւ պատվիրակության առաջին այցելությունն է Ստամբուլ, այլ որ Դաշնակցությունը պաշտոնապես այդ քաղաքում չի եղել ավելի քան 92 տարի՝ բոլորին հայտնի իրադարձությունների պատճառով։
Նոյեմբերի 11-ին անցկացվել է Սոցինտերնի Խորհրդի ժողովը: Հատուկ օրակարգով ելույթ են ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգու (որտեղ նախկինում հայկական գերեզմանատուն է եղել) պահպանման համար պայքարողներ` ներկայացնելով Թուրքիայի իշխանությունների հակաժողովրդավարական պահվածքը:
Ժողովի գլխավոր օրակարգում է եղել «Հատկապես Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ժողովրդավարության համար պայքարներին առնչվող ընթացիկ ճգնաժամեր եւ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հակամարտություններ» թեման: Բացի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից, ելույթ են ունեցել նաեւ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները եւ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի պատվիրակը։
Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանն ասել է, որ սիրիական ճգնաժամն ունի միայն քաղաքական լուծում, եւ պետք է հարգվեն, առանց բացառության, բոլորի իրավունքները։ Սիրիայի ժողովրդի` բարեփոխումների արդար պահանջը խափանվել է արտասահմանից եկած ծայրահեղական խմբավորումների զինված մասնակցության հետեւանքով։ Ըստ Նալբանդյանի` Սիրիան բազմազգ, բազմակրոն եւ բազմամշակութային երկիր ու հասարակություն է, որտեղ հայերը այլ ժողովուրդների եւ կրոնների կողքին ապրել են ավելի քան հազար տարի եւ պայքարել իրենց իրավունքների համար։ «Զորակցում ենք Սոցինտերնի այն ջանքերին, որոնց նպատակն է երկխոսության ճանապարհով նպաստել հարցի լուծմանը եւ ապահովել բոլոր կողմերի մասնակցությունը Ժնեւ 2-ի խորհրդակցություններին»,,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը եւ հավելել, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, այլապես կխախտվի նաեւ տարածաշրջանի այլ երկիրների տարածքային ամբողջականությունը։
Շարունակելով իր խոսքը` ՄԱրիո Նալբանդյանը նշել է, որ անկայունությունը արեւելյան Միջերկրականից հասնում է մինչեւ Կասպից ծով, որովհետեւ այնտեղ առկա է ահավոր սպառազինում, որ զուգակցվում է ռազմատենչ հռետորութեամբ։ «Այս տարածաշրջանը կարիք ունի ներդրումների, կարիք ունի աշխատատեղերի, կարիք ունի զարգացման, որոնք կբարելավեն կրթությունն ու առողջապահությունը եւ կբավարարեն շրջանի ժողովուրդների սոցիալական կարիքները, ապագայի նկատմամբ հույս կտան երիտասարդությանը, եւ այդպիսով` երիտասարդությունը հեռու կմնա ծայրահեղականությունից՝ ահաբեկչությունից եւ թմրանյութերից։ Այդ պատճառով համաձայն եմ այսօր հնչած այն գնահատականներին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի նպաստում կայունության հաստատմանը, հատկապես` երբ նկատի ունենանք, որ Թուրքիայի կողմից դեպի Սիրիա տեղի ունեցավ ապակայունացնող ամեն ինչի ներհոսք։ Իսկ մյուս կողմից` Թուրքիան միակողմանի եւ անարդար կերպով արդեն քսան տարի է` փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերանայի իր պատմությունը եւ ընդունի իր պատասխանատվությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ծրագրման եւ իրագործման համար», -նշել է Մարիո Նալբանդյանը։
Նա իր խոսքն ավարտել է` շեշտելով, որ «հավատում ենք, որ ամբողջ տարածաշրջանի հակամարտություւնները կլուծվեն երկխոսության եւ հակամարտությունների տեւական կարգավորման համար փնտրտուքների ճանապարհով»:
Սոցինտերնի Խորհրդի ժողովը շարունակվում է:
Սոցինտերնը (Socialist International) սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Դրանում ընդգրկված են աշխարհի 140 երկրների շուրջ 160 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։ ԱՊՀ երկրների կուսակցություններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է (2003թ)։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնախումբի համանախագահը։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Սոցինտերնի (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (IUSY)։