Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում պատրաստվում են Եռատոնին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին եւ Հաղթանակի օրվան. երեկ կայացել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է մայիսի 7-9-ը հանրապետությունում նախատեսվող միջացառումների ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում տարբեր զորամասեր են այցելելու դպրոցականները, իսկ կառավարության անդամներն ու պատգամավորները՝ առաջին գիծ: Ստեփանակերտում եւ հանրապետության տարբեր շրջաններում կազմակերպվելու են մարզական եւ մշակութային միջացառումներ, նախագահի մոտ ընդունելություն է լինելու, Եռատոնին նվիրված հանդիսավոր ժողով:
Նորույթն այս տարի մայրաքաղաքում Պաշտպանության բանակի կողմից սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ցուցադրության կազմակերպումն է լինելու, իսկ մայիսի 9-ի երեկոյան համերգով ու հրավառությամբ էլ կեզրափակվի տոնակատարությունների ծրագիրը:
Սակայն դա միայն մի ծրագրի եզրափակում կլինի. տարին հարուստ է հոբելյաններով: Մայիս ամսից կմեկնարկեն նաեւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջացառումները, որոնք կավարտվեն դեկտեմբերի վերջին: Հանրապետության բոլոր համայնքներում, կրթական եւ մշակութային հաստատություններում, ՊԲ զորամասերում եւ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ եւ հավաքներ, իսկ ԼՂՀ ներկայացուցչությունների, ՀՀ դեսպանությունների եւ սփյուռքահայ կառույցների հետ համատեղ միջոցառումներ կանցկացվեն նաեւ արտերկրում:
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կկազմակերպվեն շքերթ-հանրահավաք, ղարաբաղյան ավանդույթների տոնական վերնիսաժ, կենցաղի, ճաշատեսակների ցուցադրում-մատուցում, դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի ցուցադրություն-վաճառք եւ այլն, իսկ երեկոյան Ստեփանակերտում կկազմակերպվի տոնական համերգ:
Դրանցով սակայն միջացառումները չեն ավարտվի. հոկտեմբեր-նոյեմբերին նախատեսվում է կազմակերպել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով, դեկտեմբերի 1-10-ը՝ Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին եւ անկախության հանրաքվեի 20-ամյակին նվիրված միջոցառում, իսկ դեկտեմբերի վերջին 10-օրյակում՝ ԼՂՀ-ում առաջին խորհրդարանական ընտրություններին եւ 1-ին գումարման Գերագույն խորհրդի ձեւավորման 20-ամյակին նվիրված հավաք, որին կմասնակցեն ԱԺ բոլոր գումարումների պատգամավորները: