Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԻՆԳՈ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանն այսօր լրագրողներին զարմացրեց իր լավատեսությամբ: Ասուլիսի սկզբից մինչեւ վերջ դեմքի բարեհամբույր արտահայտությամբ ու լայն ժպիտով նա խոսեց իր ընկերության իրականացրած լայնածավալ աշխատանքների մասին, գովեց պարբերաբար որակավորման դասընթացներ անցնող գործակալներին, հպարտությամբ ներկայացրեց ընկերության ստեղծած նոր աշխատատեղերի թիվն ու մատնանշեց բարձր աշխատավարձը:
Այս ամենից զատ, Լ. Ալթունյանը նաեւ բավական հետաքրքիր բացահայտումներ արեց, օրինակ, որ պատահարների դեպքում ընկերության աշխատակիցները դեպքի վայր են հասնում ոչ ավել, ոչ պակաս` 15 րոպեի ընթացքում, այնինչ օրենքով նախատեսված է մինչեւ 40 րոպե, իսկ մարզերում, նախատեսված 90 րոպեի փոխարեն, ապահովագրական գործակալները, պարզվում է, դեպքի վայր են հասնում 20 րոպեի ընթացքում: Փոխհատուցման գործընթացն էլ տեւում է ոչ թե մեկ ամիս, ինչպես մեզ թվացել էր մինչեւ հիմա, այլ ընդամենը 3-4 օր: Կարելի է կարծել` խոսքը ոչ թե Հայաստանի, այլ եվրոպական ինչ-որ քաղաքակիրթ երկրի մասին է:
Ի դեպ, Եվրոպայի ու քաղաքակրթության մասին: Լեւոն Ալթունյանը, պարզվում է, դրանց վերաբերյալ իր ուրույն կարծիքն ու փիլիսոփայությունն ունի: Օրինակ` նա ասաց, որ եթե ուզում ենք համապատասխանել քաղաքակիրթ երկրների պահանջներին, ուրեմն պետք է մեր ազգաբնակչությանը վարժեցնենք որեւէ սոցիալական բեռ կրելու եւ դրանից հաճույք ստանալու մշակույթին: «Հենց սրան է ուղղված մեր քարոզչական աշխատանքը, որ մենք ոչ թե խնդրում ենք` եկեք ապահովագրվենք, այլ պահանջում ենք, որ այսօր քայլ անենք դեպի Եվրոպա` իր լավագույն արտացոլումներում: Իսկ դեպի քաղաքակիրթ աշխարհ գնալու ճանապարհին մենք պետք է կանխատեսելի դառնանք միմյանց եւ աշխարհի համար: Կանխատեսելի էլ կարող է դառնալ միայն ֆինանսապես ապահովված անձը, երկիրը, բնակչությունը: Սովորույթ դարձնելու համար մեզ մոտ պետք է մտցնել պարտադիր բաղադրիչ»,- անկեղծացավ բանախոսը եւ հավաստիացրեց, որ ԱՊՊԱ-ն բոլորովին էլ սոցիալական բեռ չէ ժողովրդի ուսերին, իսկ այդպես մտածողներին հիշեցրեց, որ սոցիալական բեռ կարելի է համարել ամեն ինչ` բանակում ծառայելը, կանաչ լույսի տակ փողոցն անցնելը, ամրագոտիներն ամրացնելը, հարկերը վճարելը:
Պարզվում է` ԱՊՊԱ-ին էլ խաբողներ կան: «Կտրուկ ավելացել է հետ տալու ժամանակ բախվելու ստատիստիկան,- տեղեկացրեց Լեւոն Ալթունյանը:- Այսօր դիմացի մեքենան, լավություն անելու համար, ասում է` ես հետ տվեցի եւ բախվեցի հետեւիս կանգնած մեքենային, ի դեպ, շատ տարօրինակ տեղերում ու շատ տարօրինակ հանգամանքներում: Մենք պայքարում ենք դրա դեմ եւ մոտակա ամիսներին գուցե հերթական ասուլիսը հրավիրենք առաջին քրեական գործերը բարձրաձայնելու նպատակով»:
Պատասխանելով հարցին, թե տվյալ անձը չի՞ գիտակցում, որ հետո ավելի ծանր է լինելու իր վիճակը, Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ հայերին բնորոշ է հետեւյալ մտածողությունը`«էսօր ստանամ, վաղը յա էշը կսատկի, յա իշատերը»:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ