Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է, որ «ապագայի մածուն ու թթվասեր» ուտելու բախտ է վիճակվել նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին. երեկ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց կաթնամթերքների ոչ ճիշտ մակնշման հարցը` նշելով, որ հնարավոր է` այսօր մածուն կամ թթվասեր գնես, բայց արտադրման օրը մակնշված լինի վաղվա ամսաթվով:
Պատգամավորը նաեւ բարձրացրեց կաթնամթերքի որակի հարցը, փաստելով, որ մածունը կամ թթվասերը «երկար պահելուց հետո էլ երբ բացում ես` նույնն է լինում, ինչը խոսում է այն մասին, որ քիմիական նյութեր են օգտագործվում»:
«Այս ամենը վերահսկվո՞ւմ է, արդյոք, կառավարության կողմից» հարցին պատասխանեց տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ով, առաջին հարցի հետ կապված, նշեց, որ դա նախարարության լիազորությունների մեջ չի մտնում, որ իբր օրենսդրական բաց կա, եւ այլն, եւ այլն:
Թե ինչ օրենսդրական բացի մասին է խոսքը` նախարարի խոսքերից չհասկացվեց, բայց որ նախարարության լիազորություններից դուրս է հարցը` դա ոչ թե զարմանալի, այլ ծիծաղելի է: Երեւի նախարարը մոռացել է, որ նախարարության ենթակայության տակ գործում է սպառողների շահերի պաշտպանության եւ ընդերքի պետական տեսչությունը, որն էլ հենց այդ հարցերով պետք է զբաղվի: Տեսչության աշխատակիցները դրա համար են աշխատավարձ ստանում:
Ի դեպ, պետք է հիշեցնել նաեւ, որ հենց նման հարցերի կարգավորումը կանոնադրությամբ նույնպես վերապահված է տնտեսական զարգացման նախարարությանը:
Իսկ որակի մասին նախարարն ասաց, որ արդեն հստակեցվել են ստուգումների ժամկետները, եւ դրանք կիրականացնեն երկրորդ եռամսյակում:
Իսկ սպառողները, փաստորեն, կշարունակեն սնվել անհասկանալի հավելումներով կաթնամթերքով և պետք է դիմանան մինչև երկրորդ եռամսյակ: Ստուգումներից հետո գուցե բան փոխվի՞: