Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող` Արցախյան պատերազմի հերոս Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում են գրել Սերժ Սարգսյանին: Դրանում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ
2010 թ. հոկտեմբերի 25-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում Հայաստանի Հանրապետության անունից պետական դավաճանության շինծու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց մեր մարտական ընկերոջը` «Նոր Եդեսիա» ջոկատի լեգենդար հրամանատար, փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանին:
Այս օրերին ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Գեւորգ Հայրապետյանի գործի վերաքննությունը, բայց դարձյալ դռնփակ, հասարակությունից գաղտնի եւ մենք` նրա մարտական ընկերները, մտավախություն ունենք, որ կկրկնվի ընդհանուր իրավասության դատարանում բեմադրված սցենարը:
Լինելով Գեւորգ Հայրապետյանի զինակից ընկերները, իմանալով նրա անցած փառավոր մարտական ուղին եւ նրա բացառիկ ազնվությունն ու նվիրվածությունը հայրենիքին` համոզված ենք, որ փակ դռների հետեւում բեմադրված դատական ֆարսը ինչ-ինչ անձանց հաշվեհարդարն է Գեւորգ Հայրապետյանի նկատմամբ:
Հաշվեհարդար, որն իրականացվեց Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողությունների, այդ թվում նաեւ Գեւորգ Հայրապետյանի նկատմամբ դատավճռով օրինականացված հաշվեհարդարի համար ՀՀ բոլոր քաղաքացիների վրա տարածվող բարոյական պատասխանատվությունից եւ ամոթից զերծ մնալու միակ ճանապարհը տեսնում ենք Հայաստանի հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մեջ:
Ուստի, մենք Արցախի ազատամարտին եւ Հայաստանի Հանրապետության պետականության կայացմանը անմնացորդ նվիրված վետերան ազատամարտիկներս, ի զորակցություն հանիրավի դատապարտված մեր մարտական ընկեր եւ հրամանատար Գեւորգ Հայրապետյանի հրաժարվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»:
Դիմումի տակ ստորագրել են «Նոր Եդեսիա» ջոկատի 35 ազատամարտիկներ: