կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-05 00:09
Աշխարհ

Գյումրիում առաջին անգամ հաշմանդամները երթ կազմակերպեցին

Գյումրիում առաջին անգամ հաշմանդամները երթ կազմակերպեցին

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 3-ը, առաջին անգամ նշվեց նաեւ Գյումրիում: Իրավապաշտպան երեք կազմակերպության կողմից կազմակերպված երթին մասնակցում էր մոտ 50 հաշմանդամ:

 

«Ոչինչ մեզ համար` առանց մեզ» կարգախոսով երթի մասնակիցներն իրենց խնդիրների ու պահանջների մասին պաստառները վեր պարզած «Հայուհի» հրապարակից քայլել են մինչև քաղաքի կենտրոնական «Վարդանանց» հրապարակ:

 

Երթի կազմակերպիչ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հ/կ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց, որ թեև քաղաքապետարանից հրահանգ է եղել, որպեսզի ոստիկանները հետևեին խաղաղ երթին եւ անհրաժեշտության դեպքում դադարեցնեին երթևեկությունը, սակայն նրանք չեն ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:

 

Այլ դժվարություններ նույնպես եղել են երթի ընթացքում: Խնդիրն այն է, որ քաղաքում զգալի է թեքահարթակաների բացակայությունը: Իսկ նոր կառուցված թեքահարթակներն էլ չեն համապատասխանում համապատասխան չափանիշներին: Տարբեր հարթությունների միջև եղած անցումները կոպիտ են և կտրուկ:

 

Հաշմանդամ մարդկանց կարծիքով` նման բացթողումները պարզապես ստիպում են իրենց մնալ տանը, դուրս չգալ փողոց և չապրել այնպես, ինչպես ոչ հաշմանդամ մարդիկ են ապրում:

 

Ցերեկային խնամքի կենտրոնի աշխատակից Վարդուհի Փիլոսյանն ասաց, որ երթի ընթացքում շատ տարօրինակ ու խղճացող հայացքներով են հետևել իրենց.

 

«Նրանց մեղադրելու էլ չէ, որովհետև հաշմադնամ երեխաներիներին ավելի շատ տանն եմ պահում, խնամքի կենտրոնները քիչ են: Հասարակության համար նման ակցիաներն անսովոր են»:

 

Վերջում երթի մասնակիցները ցանկությունների փուչիկին փակցրեցին խաղաղ ապրելու եւ հասարակությանն ինտեգրվելու մասին իրենց երազանքներն ու բաց թողեցին երկինք: