Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանկարծակի բռնկված հրդեհից անցել է արդեն երեք օր, բայց մինչ այժմ ոչ հայտնի են դրա պատճառները, ոչ էլ ապաստան են ստացել իրենց տունը կորցրած բնակիչները: Նրանք ապրում են Կորյունի 23/? հասցեում ամրացված վրանում: Վրանի կողքին վառարան են դրել, դիմադրում են ցրտի դեմ, փորձում յոլա տանել այս մի քանի օրը, մինչև մի դուռ կբացվի:
Մինչև վերջերս տները սեփականաշնորհված չեն եղել ու բնակիչներին էլ չեն թողել նորոգել, բարեկարգել իրենց տները, դրա համար էլ «թղթի պես բարակ» պատերի պատճառով հեշտությամբ կրակը տարածվել է: Բայց նույնիսկ այս դեպքում եթե Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի շենքը չլիներ, միգուցե Կորյունի 23 հասցեում տեղակայված 14 տները մինչև վերջ չավերվեին բռնկված հրդեհից: Շենքը նեղվածք է ստեղծել տեղից էլ նեղ փողոցներում:
«Մի հրշեջ մեքենան գալիս էր, ջուրը պրծնում էր, չէր կարողանում դուրս գալ, որ մյուսը մտներ: Երբ այդ շենքը կառուցում էին, մենք բողոքեցինք, պայքարում էինք, որ չկառուցեինն, բայց մեր կարծիքը հաշվի չառան»,- պատմեց Սիրանուշ Սաունցը, ում տունը հիմնահատակ ավերվել է:
Տիկին Սիրանուշը խնդրել է, որ գոնե մարված համարեն ապառիկով վերցված սառնարանի ու լվացքի մեքենայի գումարը, որոնք այլևս չկան, սակայն մերժում է ստացել թե բանկի, թե խանութի կողմից:
Մարիա Աղաջանյանը պատմեց, թե իրենց նույնիսկ բարոյական, հոգեբանական աջակցություն չեն ցուցաբերել: Իրենց ունեցածը կորցրած մարդիկ մի քանի անգամ վատացել են, բայց... Միայն ասել են, թե կարող են ապրել կազարմայում. «Բայց ես էրէխեքի հոտ ո՞նց գնամ կազարմա»:
Ալլա Ջինանյանն էլ մյուսների պես չի հասցրել գոնե մի երկու ձեռք շոր վերցնել տնից: դիմացը ձմեռ է, իսկ իրենք կոշիկներով են, առանց տաք հագուստի: Իրենց պահանջը միայն չորս պատ ունենալն է. «Եթե հիմա մեզ գոնե մի բանով չապահովեն, դիմելու ենք դեսպանատներ: Եթե էս պետությունը չի ուզում մեզ պահել, ուրիշ երկիր կգնանք»:
Մելանյա Սարդարյանի ոտքը տասը օր առաջ կոտրվել է: Բայց հրդեհի օրը մոռացած ցավի մասին, արագ վերցրել է երկու տարեկան թոռնիկին ու կրակի միջով դուրս փախել տնից: Նա շաքարային դիաբետով հիվանդ է` երկրորդ կարգի հաշմանդամ: Մի քանի անգամ վատացել է, շտապօգնություն են կանչել, բժիշկները որոշել են հիվանդանոց տանել իրենց հետ, բայց հրաժարվել է. «Ես գնամ հիվանդանոց, ո՞վ պիտի վճարի: Ավելի լավ է` էստեղ նստեմ: Պիտի գնամ ինսուլին ստանամ, բայց դե ինսուլինս էլ է պայթել»:
Տիկին Մելանյայի երկու որդին Արցախյան պատերազմի ազատամարտիկներ են, վառնվել է նաև նրանց Վազգեն Սարգսյանի կողմից տրված շնորհակալագրերը. «92 թվին եկան դուռս ծեծեցին, զինվոր վերցրին, տարան Ղարաբաղ: Վիրավորված հետ եկան տուն տղաներս: Ես պետությանը չդիմեցի, ինքն իմ ուժերով բուժեցի նրանց: Հպարտացան նրանցով, մեդալ տվին: Բայց էսօր էդ նույն մարդիկ անուշադրության են մատնված»:
Ինչը կրակը չի հասցրել կուլ տալ, հրշեջ մեքենաների թափած ջուրն է ավերել: Անպիտան են դարձել չայրված ամբողջ կենցաղային տեխնիկան: Իսկ չայրված հագուստները, սպիտակեղենը, բարձրերն ու վերամակները փռել են պարաններին, որ չորանան:
Հրդեհի պատճառները պարզ չեն: Վարդան Առաքելյանն ասաց, որ հրշեջները պիտի դեպքից երկու ժամ հետո արդեն ասած լինեին, թե որն է պատճառը եղել, բայց արդեն օրեր են անցել:
Մեկ այլ տուժած քաղաքացի` Արթուր Սարգսյանն ասաց, թե «Պոնչիկանոց»-ի կողմից հրշեջ մեքենաները շուտ են եկել, բայց պուրակի կողմից սկսել են աշխատել մոտ կես ժամ ուշացումով: Չնայած այս ամենին` տուժածները չեն կարծում, թե դեպքը դիտավորության արդյունք է:
Տուժածները միայն փառք են տալիս Աստծուն, որ ողջ են մնացել ու աղոթում, որ գոնե ձյուն չգա: Իսկ պետությունից ապաստարան են խնդրում:
Տեսանյութը տես` այստեղ